Մատչելիության հղումներ

logo-print

Լոռու մարզի 8 գյուղական համայնքներում 157, եւ Սպիտակ քաղաքում` 138 անօթեւան ընտանիքներ չորեքշաբթի օրը կառավարության ֆինանսավորմամբ կառուցված բնակարաններ ստացան:

Լոռու մարզի Սարահարթ գյուղում անօթեւաններին բնակարանի սեփականության վկայագրերը հանձնեց անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Իր խոսքում վարչապետը նշեց, որ չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքներին, 2009թ-ի տնտեսական անկմանը, կառավարությունը կարողացավ ֆինանսավորել «Աղետի գոտու զարգացման» ծրագիրը:

Մինչ այժմ Լոռիի գյուղական 8 բնակավայրերում անհատական տներով են ապահովվել շուրջ 300 ընտանիք: Այսօր տներով ապահովվեցին 8 գյուղական բնակավայրերի 157 անօթեւան ընտանիքներ: Հաջորդ տարի մարզի եւս 6 գյուղական բնակավայրերում շահագործման կհանձնվի 267 անհատական տուն: Սրանով գյուղական համայնքներում բնակարանային հերթացուցակի 1400 ընտանիքներից կմնա շուրջ 800-ը:

Սպիտակցի 80 ընտանիքների համար օրը տոնական չէր


Եթե 138 սպիտակցի անօթեւան ընտանիքների համար այսօր տոն էր, ապա շուրջ 80 ընտանիքների համար այն ամենեւին էլ ուրախալի օր չէր` նրանք տարբեր պատճառներով դուրս են մնացել հերթացուցակից: Նրանց մեծ մասը աղետից տուն է կորցրել, սակայն չի կարողանում ապացուցել դա:

Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ մինչեւ 2012 թվականը՝ ծրագրի ավարտը, նրանք ժամանակ ունեն ներկայացնելու պահանջվող փաստաթղթերը:

Սպիտակի «Վարպետաց» թաղամասում կառուցված 220 անհատական տների կառուցմամբ անօթեւանների հարցը չի լուծվի: Շուրջ 100 ընտանիք դեռ կսպասի իր բնակարանին: Նրանց համար հաջորդ տարի կկառուցվեն մեկ սենյականոց բնակարաններ:

«Աղետի գոտու զարգացման» ծրագրով Լոռու եւ Շիրակի մարզերում նախատեսվում է բնակարաններով ապահովել շուրջ 7 հազար անօթեւանների` բնակարանաշինության համար ծախսելով 250 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG