Մատչելիության հղումներ

Վրաստանը վիզային ազատ ռեժիմ է մտցնում Հյուսիսային Կովկասի հանրապետությունների հետ


Վրաստանի նախագահի խոսնակ Մանանա Մանջղալաձե

Վրաստանի նախագահի խոսնակ Մանանա Մանջղալաձե

Վրաստանը չորեքշաբթի օրվանից վիզային ազատ ռեժիմ է մտցնում Հյուսիսային Կովկասի հանրապետությունների հետ:

Հոկտեմբերի 13-ից Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող 7 հյուսիսկովկասյան հանրապետությունների բնակիչները իրավունք կստանան առանց վիզայի մուտք գործել Վրաստանի տարածք: Այս մասին նախօրեին Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջղալաձեն:

«Նախագահ Սահակաշվիլիի հրամանագրի համաձայն` Դաղստանի, Չեչնիայի, Ինգուշեթիայի, Հյուսիսային Օսիայի, Ադիգեյայի, Կարաչաեւո-Չերկեսիայի եւ Կաբարդինո-Բալկարիայի բնակիչները հնարավորություն կստանան առանց մուտքի վիզայի 30 օր շարունակ գտնվել Վրաստանի տարածքում», - ասել է Մանջղալաձեն:

Բացատրելով Վրաստանի նախագահի նման քայլի նպատակահարմարությունը` խոսնակը նշել է. - «Դեռ մի քանի օր առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից նախագահ Սահակաշվիլին հայտարարեց, որ կողմ է միացյալ Կովկասի ստեղծմանը: Վրաստանի նախագահի այս նախաձեռնությունը հենց այդ տրամաբանության մեջ է տեղավորվում եւ նպատակ ունի ամրապնդել կապերը կովկասյան ժողովուրդների միջեւ: Հարկավոր է հաշվի առնել, որ Հյուսիսային Կովկասի բնակիչները վրացական վիզա ստանալու համար ստիպված են մեկնել Մոսկվա եւ դիմել Վրաստանի շահերը ներկայացնող շվեյցարական դեպանություն»:

Մանջղալաձեի խոսքերով` Միխեիլ Սահակաշվիլիի հրամանագիրը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 13-ին:

Ռուսական կողմի արձագանքը Վրաստանի այս նախաձեռնությանը գրեթե ակնթարթային էր եւ բավական կոշտ:

«Սա վրացական կողմի հերթական քարոզչական քայլն է: Որպես կանոն` քաղաքակիրթ գործընկերները վիզային ռեժիմի շուրջ ծագող հարցերը լուծում են երկկողմ մակարդակով», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ռուսական կողմի այս պնդումը մոտ է իրականությանը նաեւ այն պատճառով, որ Հյուսիսային Կովկասի բնակիչները նույնիսկ առանց վիզաների չեն կարող ուղղակիորեն մուտք գործել Վրաստանի տարածք: Սահմանագծին գտնվող միակ` Վերին Լարս անցակետը, ըստ ռուսաստանցի մասնագետների, նախատեսված է միայն բեռնափոխադրումների համար:

Ինչ վերաբերում է դեպի Վրաստան պարբերաբար իրականացվող չարտերային ավիաչվերթներին, ապա դրանցից եւ ոչ մեկը Հյուսիսային Կովկասի օդանավակայաններից չի իրականացվում, ընդգծում են Մոսկվայում:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG