Մատչելիության հղումներ

Ադրբեջանը կրկնապատկում է ռազմական ծախսերը


2011 թվականի բյուջեում Ադրբեջանը այս տարվա համեմատ կրկնապատկում է ռազմական ծախսերը։ «Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը։

Խորհրդարանում ներկայացնելով պետբյուջեի նախագիծը` ֆինանսների նախարարն ասել է, որ պաշտպանական բնագավառի ծախսերը 2011 թվականին աճելու են 89.7 տոկոսով եւ կկազմեն 2.5 միլիարդ մանաթ (շուրջ 3 միլիարդ 100 միլիոն դոլար):

Ադրբեջանի 2010 թվականի բյուջեով ռազմական ծախսերին հատկացվել է 1 միլիարդ 187 միլիոն մանաթ։

«2011 թվականի բյուջեում ռազմական ծախսերը կկազմեն 19.7 տոկոս` 2010 թվականի 10.7 տոկոսի համեմատ, այսինքն` ռազմական ծախսերը բյուջեում համարյա կրկնապատկվում են», - ասել է Ադրբեջանի ֆինանսների նախարարը։

Շարիֆովի խոսքերով, մոտավորապես 1 միլիարդ 400 միլիոն դոլարը ուղղվելու է ադրբեջանական բանակի արդիականացմանը` ժամանակակից սպառազինություններ ձեռք բերելու համար։

Նա ասել է, թե Ադրբեջանի ռազմական արդյունաբերությունը զարգացելու համար ավելի շատ գումար է հատկացվելու, քան այս տարի, բայց չի կոնկրետացրել, թե որքան գումար է նախատեսվում ծախսել այդ ուղղությամբ։

«Ֆրանսպրես»-ը նշում է, որ Ղարաբաղի հարցով Հայաստանի հետ երկարատեւ հակամարտություն ունեցող Ադրբեջանը էներգակիրների արտահանումից ստացած գումարների հաշվին անցած երկու տարիների ընթացքում ռազմական ծախսերը առանց այդ էլ համարյա կրկնապատկել էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG