Մատչելիության հղումներ

logo-print
2011 թվականի բյուջեում Ադրբեջանը այս տարվա համեմատ կրկնապատկում է ռազմական ծախսերը։ «Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը։

Խորհրդարանում ներկայացնելով պետբյուջեի նախագիծը` ֆինանսների նախարարն ասել է, որ պաշտպանական բնագավառի ծախսերը 2011 թվականին աճելու են 89.7 տոկոսով եւ կկազմեն 2.5 միլիարդ մանաթ (շուրջ 3 միլիարդ 100 միլիոն դոլար):

Ադրբեջանի 2010 թվականի բյուջեով ռազմական ծախսերին հատկացվել է 1 միլիարդ 187 միլիոն մանաթ։

«2011 թվականի բյուջեում ռազմական ծախսերը կկազմեն 19.7 տոկոս` 2010 թվականի 10.7 տոկոսի համեմատ, այսինքն` ռազմական ծախսերը բյուջեում համարյա կրկնապատկվում են», - ասել է Ադրբեջանի ֆինանսների նախարարը։

Շարիֆովի խոսքերով, մոտավորապես 1 միլիարդ 400 միլիոն դոլարը ուղղվելու է ադրբեջանական բանակի արդիականացմանը` ժամանակակից սպառազինություններ ձեռք բերելու համար։

Նա ասել է, թե Ադրբեջանի ռազմական արդյունաբերությունը զարգացելու համար ավելի շատ գումար է հատկացվելու, քան այս տարի, բայց չի կոնկրետացրել, թե որքան գումար է նախատեսվում ծախսել այդ ուղղությամբ։

«Ֆրանսպրես»-ը նշում է, որ Ղարաբաղի հարցով Հայաստանի հետ երկարատեւ հակամարտություն ունեցող Ադրբեջանը էներգակիրների արտահանումից ստացած գումարների հաշվին անցած երկու տարիների ընթացքում ռազմական ծախսերը առանց այդ էլ համարյա կրկնապատկել էր։

1990-կանների ռազմական առճակատման հետեւանքով երկու կողմից շուրջ 30 հազար մարդ է զոհվել, նշում է լրատվական գործակալությունը` ավելացնելով, որ այս տարի լարվածությունը ավելացել է, ըստ հաղորդագրությունների` 2010-ին երկու կողմից 18 զինծառայող է զոհվել, որոնցից 8-ը` միայն անցած ամսվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG