Մատչելիության հղումներ

logo-print

Հոկտեմբերի 13-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ազատության հրապարակը մշտապես իշխանության եւ ընդդիմության պայքարի կիզակետում էր: Օպերայի շենքում է տեղի ունեցել նորանկախ Հայաստանի նախագահների երդմնակալությունը, այստեղ է հավաքվել մեր ժողովուրդը 88-ից շատ ավելի վաղ: Այժմ այս պայքարում ուժերը հավասար չեն. այսօր 88 թվականը չէ, մեր ողջ բնակչությունը պատվի հարց չի համարում հրապարակը «նվաճելը», այդ մտքով են տարված մի քանի երիտասարդներ եւ հատուկենտ ակտիվ կանայք»: Խմբագիրը իշխանություններին խորհուրդ է տալիս ընդդիմության հանրահավաքներին չխոչընդոտել, «բայց պայմանավորվել Կոնգրեսի ղեկավարների հետ վրաններ չխփելու, տեւական ակցիաներ չանելու, հրապարակում չքնելու մասին», եւ հավելում. - «Հասկանում եմ, որ այդ իմ առաջարկը դժվար թե իրագործվի»:

«Ժամանակ»-ն արձագանքում է իշխանական կոալիցիայում նկատվող զարգացումներին. - «Իշխանական ճամբարում ընթացող պրոցեսները հետաքրքիր տրամաբանությամբ են զարգանում. նախ հրապարակայնորեն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն միմյանց հասցեին հոխորտում, իրար դեմ սուր են ճոճում` չհաշված միջանցքներում միմյանց հասցեին դժգոհությունները, իսկ հետո հայտարարում, որ կոալիցիայում չկան հակասություններ, կոալիցիան միահամուռ է ու միակամ: Տարրական տրամաբանությունը հուշում է, որ միահամուռ կոալիցիայում չպետք է լինեն նման վեճեր: Իսկ եթե այդ երեւույթները, այնուամենայնիվ, կան, նշանակում է՝ կա՛մ կոալիցիայում իրոք «արշալույսները խաղաղ չեն», կա՛մ այս ամենը պայմանավորված խաղ է, որի արդյունքում ՀՀԿ-ն նպատակ ունի ԲՀԿ-ին ներկայացնել զոհի, հալածյալի կերպարանքով՝ առաջիկա ընտրություններում ընդդիմությունից, մասնավորապես՝ Հայ Ազգային Կոնգրեսից ձայներ պոկելու համար»:

Հիշեցնելով, որ օրերս հույն ոստիկանը, ով 2008 թվականին սպանել էր 15-ամյա Ալեքսիս Գրիգորոպուլոսին (ինչը Աթենքում զանգվածային անկարգությունների պատճառ էր դարձել), դատապարտվել է ցմահ ազատազրկման` «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Հունաստանն ալեկոծվեց եւ չհանգստացավ` մինչեւ մարդասպանին չձերբակալեցին: Ու դատեցին, ու դատապարտեցին, ցմահ ազատազրկման դատապարտեցին: Եվրոպական երկրներում սա պատժի բարձրագույն չափն է: Համոզված եմ` Հայաստանում շատերը մտածեցին` «Իսկ մերո՞նք»: Մերոնք անպատիժ են, դեռ անպատիժ են… Հայաստանը, իհարկե, Հունաստան չէ: Հայաստանը հետխորհրդային մի հանրապետություն է, որտեղ դեռ շատ դժվարություններ կան: Բայց հայ հասարակությունն ամենեւին էլ անբուժելի հիվանդ չէ: Այն առողջ եւ պասիոնար մի հատված ունի, որից, ի դեպ, զուրկ են բոլշեւիկյան ռեժիմի ներքո ապրած մյուս ժողովուրդները: Ասածս բնավ էլ այլատյացություն չէ, կարող եք հիշել, թե քանի անդամ ունի ռուսական ընդդիմությունը, հաշվել տոկոսային հարաբերությունը եւ կհամոզվեք, որ մեր հասարակության սերուցքը շատ ավելի ուժեղ է»:

«Հայոց Աշխարհ»-ը Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Դավիթ Բաբայանին խնդրել է ներկայացնել իր դիտարկումները հակամարտության գոտու հայկական հատվածում կատարված ուսումնասիրության վերաբերյալ: Բաբայանը ասել է, որ այս առաքելությունը ինչ-որ տեղ դրական է գնահատում: «Նախատեսվում է անցկացնել առաքելության երկրորդ փուլը` Արցախի Հանրապետության այն տարածքներում, որոնք ռազմակալված են Ադրբեջանի կողմից», - ասել է նա` նշելով, սակայն, որ իր կարծիքով` Ադրբեջանը կարող է խոչընդոտել առաքելության երկրորդ փուլի անցկացումը: «Բայց, կարծում եմ, սա կլինի եւս մեկ փաստարկ, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր չէ», - ընդգծել է Դավիթ Բաբայանը:

«Կապիտալ» օրաթերթը տեղեկացնում է, որ երեկ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25 տոկոս. - «2010 թվականի սեպտեմբերին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.2 տոկոսի գնանկում, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշը նվազել է 1.0 տոկոսային կետով` կազմելով 8.6 տոկոս»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG