Մատչելիության հղումներ

logo-print

«Թուրքիան պետք է ապացուցի իր բարի մտադրությունները», - գրում է Հայաստանի արտգործնախարարը The Wall Street Journal հեղինակավոր պարբեկարանում հրապարակած հոդվածում:

«Անցյալ տարի, ինտենսիվ բանակցություններից հետո Հայաստանը եւ Թուրքիան համաձայնության եկան, եւ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում երկու երկրների արտաքին գործերի նախարարները ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանի բացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները», - հիշեցնում է Էդվարդ Նալբանդյանը:

«Հայ - թուրքական հարաբերությունները փակուղում էին, երբ նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Հայաստանում մենք առաջնորդվում էինք այնպիսի ապագայի տեսլականով, երբ սերունդները կապրեն համերաշխ եւ ապահով: Հայկական կողմի այս նախաձեռնությունը դրական արձագանք գտավ Թուրքիայի նախագահի կողմից, եւ դա մեզ թույլ տվեց լուրջ ներդրում կատարել մերձեցման երկարատեւ գործընթացում», - նշում է Հայաստանի արտգործնախարարը:

«Մեր դիրքորոշումը արտահայտված էր առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման հայտնի մոտեցմամբ: Այդ սկզբունքի վրա էր հիմնված Թուրքիայի հետ բանակցային գործընթացի մեկնարկը: Եվ հենց այս ընդհանուր փոխըմբռնմամբ մենք սկսեցինք, վարեցինք գործընթացը եւ եկանք պայմանավորվածությունների: Միջազգային հանրությունը` շվեյցարացի միջնորդները, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ շատ այլ երկրներ, գործընթացի սկզբից մինչ օրս համամիտ են այս մոտեցման հետ», - գրում է Էդվարդ Նալբանդյանը` հավելելով. - «Դժբախտաբար, Թուրքիան հետ կանգնեց պայմանավորվածություններից: Անկարան ոչ միայն մերժեց արձանագրությունները վավերացնել, այլեւ վերադարձավ այն նախապայմանների լեզվին, որը նա օգտագործում էր մինչեւ գործընթացի մեկնարկը»:

«Մի կողմից թուրքական իշխանությունները ձեւացնում են, թե միշտ հետեւում են pacta sunt servanda (համաձայնությունները պետք է հարգվեն) սկզբունքին, սակայն, մյուս կողմից, նրանք հրաժարվում են իրենց իսկ կողմից Ցյուրիխում ստորագրված համաձայնագրերը վավերացնելուց եւ իրագործելուց: Նրանք պնդում են, թե չունեն նախապայմաններ, պարզապես ասում են, որ «դուք արեք այս կամ այն, որպեսզի կարողանանք առաջ շարժվել» վավերացման գործընթացում: Արդյո՞ք սա նշանակում է, թե նրանք նախապայմաններ չունեն», - ընդգծում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր հոդվածում, որի տեքստը թարգմանաբար տարածել է արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը:

«Թուրքիան փորձում է հայ - թուրքական կարգավորման գործընթացը կապել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հետ», - նշում է Նալբանդյանը` պնդելով. - «Ղարաբաղյան գործընթացին միջամտելու կամ Հայաստանի հետ իր հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան բանակցություններում առաջընթացի սեփական ընկալման հետ կապելու թուրքական կողմի ցանկացած փորձ վնաս է հասցնում երկու գործընթացներին էլ: Սա այն դիրքորոշումն է, որը բազմիցս ընդգծել են Հայաստան - Թուրքիա կարգավորման եւ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների մեջ ներգրավված բոլոր հիմնական դերակատարները, ողջ միջազգային հանրությունը: Միջազգային հանրությունը խոսում է մեկ լեզվով, իսկ թուրքական կողմը` մեկ այլ լեզվով»:

«Թուրքիան իբրեւ թե ակնկալում է, որ տարածաշրջանի բոլոր խնդիրները պետք է մեկընդմիշտ «համապարփակ լուծում» ունենան: Սա գեղեցիկ ձևակերպում է, բայց որքանո՞վ է այն իրատեսական: Զուտ հռետորաբանություն: Լոկ խոսքեր, բայց ոչ գործ», - շեշտում է Հայաստանի արտգործնախարարը:

«Թուրքիան նաեւ կեղծորեն օգտագործում է կարգավորման գործընթացը` որպես շղարշ այն անհիմն պնդման համար, թե տարբեր երկրներում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւերի ընդունումը կարող է վնասել կարգավորման գործընթացին: Մինչդեռ, մենք հարաբերությունների կարգավորման գործընթացի սկզբից ի վեր թե' թուրք գործընկերների հետ շփումներում, թե' հրապարակավ պարզ ասել ենք, որ Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց Ցեղասպանության իրողությունը կամ դրա միջազգային ճանաչման կարեւորությունը», - նշում է Նալբանդյանը` ընդգծելով. - «Չնայած նրան, որ Թուրքիան 95 տարի շարունակ ժխտում է Հայոց Ցեղասպանությունը, հայկական կողմը չպահանջեց Ցեղասպանության ճանաչումը` իբրեւ հարաբերությունների կարգավորման նախապայման: Պարադոքսալ է, որ հենց Թուրքիան է փորձում ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահարկել այս հարցը` դարձնելով այն նախապայման»:

«Հայաստանը նախաձեռնեց կարգավորման գործընթացը եւ ջանք չխնայեց, որպեսզի այն հաջողությամբ պսակվի: Զարգացումների արդյունքում, երբ թուրքական կողմը ողջ գործընթացը մղում էր դեպի փակուղի, Հայաստանը ստիպված էր կասեցնել վավերացման ընթացակարգը` դեռ մնալով կարգավորման գործընթացում, ինչը տարբեր երկրների ղեկավարների կողմից ըմբռնումով ընկալվեց եւ ողջունվեց», - գրում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: - «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունները եզրափակվել են արձանագրությունների ստորագրմամբ: Չկա ո'չ «լուռ դիվանագիտություն», ո'չ Ցյուրիխի «երկրորդ փուլ», ո'չ բանակցությունների որեւէ նոր գործընթաց, ինչպես դա վերջերս փորձում է հաճախ ներկայացնել թուրքական մամուլը»:

«Այս երկարատեւ գործընթացի արդյունքում մնում է միայն հայ - թուրքական արձանագրությունների վավերացումն ու իրագործումը` առանց ավելորդ այլեւայլի: Հայաստանը պատրաստ կլինի գնալ առաջ, երբ Թուրքիան վերստին կգնա հարաբերությունների կարգավորմանը առանց նախապայմանների», - վստահեցնում է Էդվարդ Նալբանդյանը:

«Այսօր աշխարհի տարբեր մայրաքաղաքներից ասում են, որ գնդակը թուրքական կիսադաշտում է, որ Հայաստանը ճանապարհի իր բաժինն անցել է, եւ որ Թուրքիան պետք է ձեռնարկի այն քայլերը, որ նա խոստացել էր կատարել», - իր հոդվածը ամփոփում է Հայաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG