Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ առաքելությունն այցելելու է «բոլոր տարածքները»


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ (ձախից աջ) Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն եւ Բեռնար Ֆասիեն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ (ձախից աջ) Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն եւ Բեռնար Ֆասիեն:

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ համանախագահների եւ ՄԱԿ-ի փորձագետների փաստահավաք առաքելությունը այցելելու է հակամարտության կարգավորման համար «հետաքրքրություն ներկայացնող բոլոր տարածքները»:

«Մենք պետք է հասկանանք այդ տարածքների իրավիճակը եւ լսենք այդտեղ ապրող մարդկանց ձայնը», - ասել է Բրադկեն:

Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն այս կապակցությամբ հավելել է, որ իրենք գործում են անկախ` խոստովանելով, որ ձգտում են խաղաղության եւ «չեն փորձում ինչ-որ բան անել ի շահ այս կամ այն կողմի»:

Հարցին, թե ինչ է փոխվել 2005 թվականին իրականացված առաքելությունից հետո, ֆրանսիացի համանախագահը արձագանքել է, որ առաքելությունը դեռ ավարտված չէ, իսկ ավարտելուց հետո էլ արդյունքներն առաջին հերթին ներկայացնելու են հակամարտող կողմերին:

Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, անդրադառնալով Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մահվանը, ասաց. - «Մենք կարծում ենք, որ այդ դեպքը պետք է քննվի ամենայն մանրամասնությամբ, եւ համապատասխան միջազգային կազմակերպությունները պետք է ընդգրկված լինեն այդ գործընթացում»:

Փաստահավաք առաքելությունը վաղը` Քելբաջար այցելելուց հետո, կմեկնի Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG