Մատչելիության հղումներ

Ղեկավար դաշնակցականը Բաքվում մասնակցում է Սոցինտերնի համաժողովին


ՀՅԴ ղեկավար անդամ Կիրո Մանոյանը պատասխանում է լրագրողների հարցերին: Բաքու, 11-ը հոկտեմբերի, 2010թ.

ՀՅԴ ղեկավար անդամ Կիրո Մանոյանը պատասխանում է լրագրողների հարցերին: Բաքու, 11-ը հոկտեմբերի, 2010թ.

Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) ղեկավար անդամ, կուսակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը մասնակցում է երկուշաբթի օրը Ադրբեջանի մայրաքաղաքում բացված Սոցինտերնի երկօրյա համաժողովին:

Համաժողովի այսօրվա նիստի օրակարգի հիմնական թեման, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Դաշնակցության անդամ Հարություն Հարությունյանը, եղել են տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հարցերը:

Կիրո Մանոյանը Բաքվում հարցազրույցներ է տվել ադրբեջանական լրատվամիջոցներին:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանը Մանոյանին հարցրել են նաեւ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ: Մանոյանը պատասխանել է, որ խորհրդարանական ընդդիմության մի մասը Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ օրինագիծ է ներկայացրել Ազգային ժողով, մինչդեռ խորհրդարանական մեծամասնությունը դեմ է այս պահին Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը:

Հարցին, թե ինչպես կարելի է խաղաղություն հաստատել տարածաշրջանում, Մանոյանը պատասխանել է. - «Միայն Հարավային Կովկասում ժողովրդավարություն հաստատելով»:

«Ժողովրդավարությունը կնպաստի երկրներից յուրաքանչյուրում հակամարտությունների լուծմանը», - հայտարարել է Դաշնակցության ղեկավար անդամը:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային միջնորդների` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը վերաբերող հարցին ի պատասխան Կիրո Մանոյանը ասել է, որ համանախագահները «իրոք հասկացել են առկա հիմնական խնդիրները». - «Ամենակարեւորն այն է, որ նրանք հասկացել են` խնդիրը չի կարող կարգավորվել` Ղարաբաղին պարտադրելով նորից մտնել Ադրբեջանի կազմի մեջ»:

Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են, որ նիստի ընթացքում վիճաբանություն է եղել Դաշնակցության պատվիրակության եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ:

«Որովհետեւ Ադրբեջանի ներկայացուցիչը դժգոհություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներից, եւ Կիրո Մանոյանը ուղղակի պատասխանել է, թե ինչու է ադրբեջանական կողմը դժգոհ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներից, որովհետեւ այդ առաջարկները Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ներգրավելու հնարավորություն չեն տալիս: Որից հետո ադրբեջանցին շատ չոր արձագանքել է դրան, եւ կասեցվել է Լուիս Այալայի կողմից», - փոխանցեց Հարություն Հարությունյանը:

Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան նաեւ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը «պետք չէ տարիներ ձգել»: Նրա խոսքով, հարցը պետք է այնպես կարգավորել, որպեսզի երկու երկրների ժողովուրդները «խաղաղության մեջ ապրեն»:

«Ղարաբաղյան հակամարտությունը միջազգային բնույթ է ստացել եւ անհանգստացնում է մեզ բոլորիս», - հայտարարել է Այալան` հավելելով, որ Սոցինտերնը «կարող է դերակատարություն ունենալ կողմերի միջեւ քաղաքական երկխոսություն սկսելու հարցում»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG