Մատչելիության հղումներ

logo-print

«Որքան շուտ Ղարաբաղը լիարժեքորեն միանա բանակցություններին, այնքան հեշտությամբ կարելի է գալ խնդրի լուծմանը», - երկուշաբթի օրը Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ընդգծելով, որ հայկական կողմի դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման շուրջ անփոփոխ է մնում` Հայաստանի նախագահը հայտարարեց. - «Խնդիրը պետք է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով` առանց ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի, այսօր գոյություն ունեցող ձեւաչափով եւ միջազգային իրավունքի նորմերի խստիվ պահպանմամբ»:

Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկը, իր հերթին, անդրադառնալով Ղարաբաղի հարցին, նշեց, թե խնդրի շուրջ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացրած վերլուծությունից հանգել է այն եզրակացության, որ շատ կարեւոր է առաջ շարժվել հիմնախնդրի խաղաղ կարգավորման ճանապարհով:

«Վստահության ամրապնդումը անհրաժեշտ կամուրջ է խնդրի լուծման համար», - ընդգծեց Դանիլո Թյիրկը:

Նախագահները անդրադարձան նաեւ այն հարցին, թե ինչով է Ղարաբաղի խնդիրը տարբերվում Կոսովոյի խնդրից:

Մասնավորապես, Սլովենիայի նախագահը նշեց, թե ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները չեն կարող գործել ինքնաբերաբար. յուրաքանչյուր դեպք առանձնահատուկ է եւ յուրաքանչյուր դեպքի համար պահանջվում են ուրույն լուծումներ, որոնք համահունչ կլինեն միջազգային իրավունքի նորմերին, բայց պրակտիկ լուծումը պետք է լինի տվյալ իրավիճակին համապատասխան:

Իր հերթին, Սերժ Սարգսյանն ասաց, թե ինքնորոշման յուրաքանչյուր դեպք յուրահատուկ է, եւ չի կարելի բոլոր դեպքերը «մի սանրի տակով անցկացնել», բայց իրավական որոշումները պետք է բխեն միեւնույն սկզբունքներից:

Սերժ Սարգսյանի խոսքով, Կոսովոյի նախադեպը Հայաստանի համար կարեւոր է այն տեսանկյունից¸ որ ՄԱԿ-ի դատարանը հստակ պատասխանեց մի հարցի` արդյո՞ք միակողմանիորեն ինքնուրույնություն հռչակելը հակասում է միջազգային իրավունքին: Պատասխանը, ըստ նախագահի, եղավ` ոչ¸ չի հակասում:

Անդրադառնալով Ղարաբաղյան խնդրին` Սերժ Սարգսյանը ընդգծեց¸որ Ղարաբաղի բնակչությանը «իր կամքին հակառակ¸ հազարամյա իր պատմության մի փոքր հատվածում ստիպել են ապրել Ադրբեջանի կազմում»:

«Բայց երբեք ղարաբաղցիները դրա հետ չեն հաշտվել եւ չեն հաշտվել նույնիսկ ստալինյան ռեպրեսիայի տարիներին եւ առաջին իսկ բարենպաստ պայմանի առկայության ժամանակ ինքնորոշվել են¸ այսինքն` միակողմանիորեն հռչակել են իրենց անկախությունը` անցկացնելով հանրաքվե», - ընդգծեց Հայաստանի նախագահը` շարունակելով. - «Այսինքն` գործեցին միջազգային իրավունքին համահունչ: Ադրբեջանը պատերազմ պարտադրեց Լեռնային Ղարաբաղին, ծանր պատերազմ, դաժան պատերազմ, բոլոր օրենքները խախտող պատերազմ: Բայց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարողացավ, անշուշտ` նաեւ Հայաստանի, հայ ժողովրդի օգնությամբ, կազմակերպել իր ինքնապաշտպանությունը: Ահա այստեղ է տարբերությունը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կարողացավ առանց ՆԱՏՕ-ի օժանդակության կազմակերպել իր ինքնապաշտպանությունը, գոյատեւել եւ այսօր էլ բարձրաձայն ասել, որ, այո, տեր է իր անկախությանը, որ միջազգային որեւէ սկզբունք չի խախտել եւ համբերատար սպասում է, թե երբ միջազգային հանրությունը կընդունի միակողմանիորեն Ադրբեջանից անջատվելու իր իրավունքը»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG