Մատչելիության հղումներ

Լրացավ հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման մեկ տարին


Հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը, Ցյուրիխ, 10-ը հոկտեմբերի, 2009թ.

Հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը, Ցյուրիխ, 10-ը հոկտեմբերի, 2009թ.

Մեկ տարի առաջ` 2009 թվականի հոկտեմբերի 10-ին, միջազգային լրատվամիջոցների բնութագրմամբ` չափազանց դրամատիկ պայմաններում Ցյուրիխում ստորագրվեցին հայ - թուրքական մերձեցմանը միտված արձանագրությունները:

Շատ քաղաքագետների կողմից «պատմական» որակված այդ արձանագրությունների ստորագրմանը նախորդել էին Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների, ինչպես նաեւ միջազգային միջնորդների` առաջին հերթին` Շվեյցարիայի եւ Միացյալ Նահանգների գործադրած երկարատեւ ու դժվարին դիվանագիտական ջանքերը: Ու թեեւ մեկ տարի առաջ այդ ջանքերն ի վերջո առարկայացան Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի ստորագրությունները կրող փաստաթղթերում, դրանց ճակատագիրը տակավին մնում է մշուշոտ:

Անցած մեկ տարին աստիճանաբար ի դերեւ հանեց դեռեւս 2009-ի աշնանը հնչող երկչոտ լավատեսությունն առ այն, թե երկու երկրները, հաղթահարելով պատմական անցյալով պայմանավորված կաշկանդումներն ու ներքին ընդդիմությունը, ի վերջո նոր քայլեր կկատարեն դեպի իրական մերձեցում: Այդ ճանապարհին հաջորդ կարեւոր քայլերը` խորհրդարանական վավերացումները, սակայն, այդպես էլ տեղի չունեցան:

Արձանագրություններից մեկը վերաբերում է երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը, մյուսը` դիվանագիտական կապերի հաստատմանը: Պաշտոնական Երեւանը, ինչպես նաեւ Հայաստանի իշխող հանրապետական կուսակցության ղեկավարները քանիցս հայտարարել են, որ պատրաստ են խորհրդարանում վավերացնել արձանագրությունները, եթե դրանք նախապես վավերացվեն Թուրքիայի խորհրդարանի կողմից:

Արձանագրությունների ստորագրումից հետո, սակայն, Թուրքիայի բարձրագույն պաշտոնատարները հանդես եկան վավերացումը Ղարաբաղի հարցում առաջընթացով պայմանավորելու մասին բազմաթիվ հայտարարություններով: Պաշտոնական Երեւանը, մինչդեռ, նման հայտարարություններին հակադարձում էր փաստարկով, որ արձանագրություններում որեւէ նախապայման նշված չէ: Այս հեռակա դիվանագիտական բանավեճն ի վերջո հանգեցրեց նրան, որ Հայաստանի նախագահն անցած ապրիլին առկախեց վավերացման գործընթացը` արձանագրությունների տակ, սակայն, պահպանելով Հայաստանի ստորագրությունը: Հանգամանք, որը, ի դեպ, ողջունվեց միջազգային հանրության, մասնավորապես` Միացյալ Նահանգների ու Եվրամիության կողմից:

Այսօր` Ցյուրիխից մեկ տարի անց, կարելի է ասել, որ առնվազն հայկական կողմում այս խնդրի հանդեպ գերակշռում են հոռետեսական տրամադրությունները:

Ի՞նչ գնահատականներ են հնչեցնում քաղաքական ուժերն այժմ. «Ազատություն» ռադիոկայանը զրուցել է այդ ուժերի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի նախկին արտգործնախարար, ընդդիմադիր Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը, մասնավորապես, ասաց. - «Այդ արձանագրություններից Թուրքիան կարեւորագույն խնդիր լուծեց իր համար` դարձավ լիարժեք դերակատար այս տարածաշրջանում եւ Լեռնային Ղարաբաղի բանակցային ֆորմատում իր ուրույն տեղը ստացավ»:

Թուրքիայի գերնպատակն այստեղ իրական կարգավորումը չէր, ասում է Արզումանյանը. - «Ի վերջո, իրենք այս ամենը մի մեծ փաթեթի մեջ են դիտարկում, այսինքն` Ցեղասպանության ուրացում, Լեռնային Ղարաբաղի զիջում»:

Հետեւաբար, ընդհանրապես չարժեր սկսել գործընթացն այնպես, ինչպես սկսել են, ընդգծում է նախկին արտգործնախարարը:

Հայ - թուրքական արձանագրությունների նախաստորագրումը պատճառ դարձավ, որ Դաշնակցությունը լքի իշխանական կոալիցիան: Ի՞նչ է մտածում այսօր արդեն ընդդիմադիր այս կուսակցությունը:

«Այս մեկ տարին, փաստորեն, մենք ոչինչ չստացանք, իսկ Թուրքիան ստացավ վավերացնելու դեպքում իր ստանալիքի 80 տոկոսը: Կարծում եմ, առաջին տարելիցը հարմար առիթ է, որ Հայաստանի իշխանությունները արձանագրություններից հետ կանչեն Հայաստանի ստորագրությունը` հաշվի առնելով, որ Թուրքիան բարի կամքի դրսեւորում չի ցուցաբերել եւ իրականում այդ արձանագրությունները ներկայումս օգտագործում է ոչ այն նպատակի համար, որ արձանագրությունները կան», - ասաց Դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Համանման դիրքորոշում ունի նաեւ ի սկզբանե հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման եռանդուն հակառակորդ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը: Պաշտոնական Երեւանի կողմից ստորագրությունը վերջնականապես ետ վերցնելու անհրաժեշտությունը կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը բացատրում է թուրքական կողմի շարունակվող շահարկումներով. - «Նրանք շարունակում են անգամ գոյություն չունեցող բանը շահարկել, իսկ այդ գոյություն չունեցող գործընթացի տեղիք տվել է հայկական կողմի, այսպես ասեմ` անադեկվատությունը, որով նրանք ոչ միայն տեր չկանգնեցին սեփական հայտարարություններին` ետ կանչելու Հայաստանի ստորագրությունը արձանագրություններից, այլ նաեւ համարձակություն չունեն դրանք ետ կանչել [խորհրդարանի] օրակարգից»:

Ի հակառակ նախորդ բանախոսների, ովքեր պնդում են, թե Ցյուրիխից մեկ տարի անց թուրքական կողմը շահել է, իսկ հայկականը` կորցրել, Հայաստանի իշխող` Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը հետեւյալը պնդեց. - «Ինքնին այս մեկ տարին բավականին խոսուն էր, որովհետեւ հայկական կողմը իր առջեւ դրված խնդիրները` արձանագրությունների հետ կապված, ամբողջովին լուծված կարելի է համարել` այն առումով, որ ամբողջ աշխարհին հայկական կողմը ապացուցեց, որ ինքը լավ գործընկեր է, կառուցողական գործընկեր է, ինքը փորձում է բոլոր հարեւանների հետ խնդիրները լուծել խաղաղ բանակցային ճանապարհներով եւ պատրաստ է առանց նախապայմանների սկսել որոշակի հարաբերություններ»:

«Այդ գործընթացը իրականում պետք էր սկսել եւ պետք էր նաեւ, իմ կարծիքով, որ եւս մեկ անգամ Թուրքիայի երեսը բացահայտվեր, Թուրքիայի դիմակը պատռվեր ամբողջ աշխարհի առաջ», - ասաց հանրապետական պատգամավորը:

Ավագյանը, այնուամենայնիվ, չբացառեց, որ Թուրքիայի համապատասխան կառուցողական վարքագծի դեպքում Հայաստանը կշարունակի երկխոսությունը:

«Ինձ թվում է` ուշ թե շուտ Թուրքիան կհասկանա այս խնդիրների ամբողջ ծանրությունը եւ հաշվի չի առնի Ղարաբաղյան գործընթացը», - ասաց նա:

Այն, որ Հայաստանը, այնուամենայնիվ, գործընթացը վերջնականապես ձախողված չի համարում, օրերս ավստրիական Profil հանդեսին տված հարցազրույցում ակնարկել է նաեւ արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը` նշելով. - «Հայաստանը հուսով է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը ոչ թե վերջնականապես տապալված է, այլ` առկախված»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG