Մատչելիության հղումներ

Ռազմիկ Զոհրաբյան. «Դեռ այն պահը չի, որ Ղարաբաղի ճանաչման հարցը բարձրացվի»


Ռազմիկ Զոհրաբյան
Ռազմիկ Զոհրաբյան
«Երբ որ [ղարաբաղյան] բանակցությունների արդյունքում արդյունք չի լինի, այն ժամանակ ցանկացած պահին հենց [Հայաստանի] իշխանությունները կբարձրացնեն Ղարաբաղի ճանաչման հարցը, որովհետեւ դա արդեն վերջին կետը կլինի», - շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը:

«Մենք գտնում ենք, որ հիմա դեռ այն պահը չի, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը բարձրացվի եւ Ազգային ժողովում քվեարկվի, որովհետեւ դա չի նպաստում մեր բանակցությունների տրամաբանությանը, որովհետեւ հիմա գնում են բանակցություններ, որտեղ որոշվելու է Ղարաբաղի ապագայի հարցը, այսինքն` ինքնորոշման ճանապարհով նրա անկախության խնդիրը», - ասաց իշխող կուսակցության փոխնախագահը` հավելելով. - «Իսկ օրակարգում պահել թե չպահել` դա նույնպես նշանակում է, որ էն գլխից մենք ասում ենք` «այ, եթե դուք այդտեղ քայլ անեք սխալ, մենք կդնենք այս հարցը ճանաչման»: Այսինքն` մենք պետք է թողնենք բանակցությունները գնան իր հիմնական տրամաբանական հունով»:

Նախօրեին պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին` Հայաստանի նախկին արտգործնախարար, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Ալեքսանդր Արզումանյանը կարեւորել էր Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող օրինագծի առկայությունը Ազգային ժողովի օրակարգում` չբացառելով, որ կարող է գալ այնպիսի պահ, երբ անհրաժեշտ լինի ճանաչել Ղարաբաղը:

Չնայած Հայաստանի արտգործնախարարության այն հավաստիացումներին, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ադրբեջանական հայտնի բանաձեւի նախագծի քննարկումը հետաձգելը որեւէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում օրերս մեկնարկած` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների դաշտային առաքելության հետ, նախկին արտգործնախարարը շարունակում է կապ տեսնել` ընդգծելով, որ այս առաքելությունը Ադրբեջանի բանաձեւի կարեւոր պահանջներից մեկն էր, եւ դաշտային առաքելության ավարտից ու Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովից հետո նախագիծը ՄԱԿ-ում քննարկվելու է:

Ռազմիկ Զոհրաբյանի փոխանցմամբ` կողմերի միջեւ չկա ու չի եղել համաձայնություն, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի օրակարգից կհանի իր հայտնի բանաձեւը, իսկ Հայաստանն էլ կհամաձայնի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների դաշտային փաստահավաք առաքելությանը Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններ:

«Այդ բանաձեւը հանվել է, եւ դա չի հանվել այն պայմանով, որ պետք է միայն փաստահավաք առաքելություն լինի: Փաստահավաք առաքելություն եղել է էլի եւ կարող է լինել եւ հետո էլ, այսինքն` սա, այսպես ասած, մտնում է այդ իրավունքի մեջ` համանախագահների, այնպես որ` ինչ-որ մի բանը մեկի դիմաց չի, այսպես ասենք` առուծախ արվել», - ընդգծեց իշխող կուսակցության փոխնախագահը:

Անդրադառնալով դաշտային փաստահավաք առաքելությանը` Ալեքսանդր Արզումանյանը նաեւ կարծիք էր հայտնել, որ հայկական կողմը չպետք է թույլատրեր համանախագահներին իրականացնել առաքելությունը, եթե նրանց կողմից անտեսվում են Գետաշենը, Շահումյանը, Մարտակերտի եւ Մարտունու այն շրջանները, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: «Դա պարտադիր պայման պետք է լիներ, եւ շատ ողջունելի էր, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը անմիջապես նման նախաձեռնությամբ հանդես եկավ, սակայն անհասկանալի է այն ոչ հետեւողական մոտեցումը, որը ցուցաբերվեց: Այսինքն` Հայաստանը համաձայնություն տվել էր ի սկզբանե` առանց նույնիսկ հաշվի առնելու Ղարաբաղի հարցը եւ բարձրացնելու այդ կարեւորագույն խնդիրը», - նշել էր նախկին արտգործնախարարը:

Հանրապետական կուսակցության փոխնախագահը արձագանքեց հետեւյալ կերպ. - «Իսկապես, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները այդ հարցը բարձրացրեցին, որ պետք է նաեւ այդ փաստահավաք խումբը համանախագահների` այց լինի նաեւ Շահումյան, Գետաշեն, Մարտունիի եւ Մարտակերտի այդ շրջանների մասերը, դրանից հետո, երբ համանախագահները Երեւանում հանդիպեցին հանրապետության նախագահի հետ, գնաց հաղորդագրություն, որ, իսկապես, համանախագահների փաստահավաք խումբը լինելու է նաեւ Շահումյանում, Մարտակերտում եւ մյուս այդ շրջաններում, որտեղ Ադրբեջանի կողմից գրավյալ տարածք են համարվում: Այսինքն` ղարաբաղյան իշխանությունները սկսեցին, մենք ոնց որ թե շարունակեցինք եւ եկանք ի մի, որ այդ տեղերում էլ այդ առաքելությունը պետք է իրականացվի»:

«Հիմա դա ընթացքում է, եւ մենք կտեսնենք արդյունքը», - ամփոփեց Ռազմիկ Զոհրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG