Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 9-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Խնդիրն այն չէ, թե շվեդ գործիչը [Գորան Լինդբլադը] ինչպես է տրամադրված հայ ժողովրդի նկատմամբ, կամ, ասենք, ինչպես է նա բուժում կարիեսը, այլ հետեւյալը` Հայաստանը կատարո՞ւմ է ԵԽ-ի առաջ ստանձնած իր պարտավորությունները, թե՞ ոչ: Մասնավորապես, կատարվե՞լ են արդյոք անցած տարվա հունիսի 25-ին ընդունված ԵԽԽՎ բանաձեւի պահանջները, ասենք` քաղբանտարկյալների կամ ՀՌԱՀ-ի անկախության վերաբերյալ: Պրեսկոտն ու Լինդբլադը (կամ նրան փոխարինողը) պետք է գան հենց այս խնդիրները դիտարկելու նպատակով: Ոչ այսօր, ոչ էլ 1-2 ամսից, երբ կգան համազեկուցողները (հավերժ փակել նրանց ճանապարհը Հայաստան հնարավոր չէ), այդ բոլոր խնդիրները չեն լուծվի: Այս իրավիճակում կա երկու տարբերակ. համազեկուցողները կամ կնկատեն, որ Հայաստանն իր պարտավորությունները չի կատարում, կամ չեն նկատի, ինչպես որ դա արեցին նույն Պրեսկոտն ու Կոլոմբիեն, երբ 2008-ի նախագահական ընտրություններից հետո հայտարարեցին, որ դա «քայլ առաջ» էր: Չեմ կարծում, որ Լինդբլադի ենթադրյալ հայատյացությունը կնպաստեր կամ կխանգարեր տեսողության նման խանգարումներին»:

«168 ժամ»-ին ծավալուն հարցազրույց է տվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Լրագրողը հարցնում է. - «Վերջերս քաղաքական շրջանակներում, մասնավորապես ՀՅԴ կողմից առաջարկ հնչեց Հայաստանի եւ ԼՂՀ միջեւ ռազմական դաշինք կնքելու վերաբերյալ: Ինչպե՞ս եք վերաբերվում նման առաջարկին: Որքանո՞վ է նման հնարավորությունն իրական»: Պատասխան. - «Գիտեք, զուտ ռազմական տեսանկյունից` նման դաշինքի անհրաժեշտություն չկա, քանի որ ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանական համակարգերի միջեւ փոխգործակցության լիարժեք մեխանիզմներ են գործում: Ուստի դաշինքի կնքումը կարող է ունենալ բացառապես քաղաքական-իրավական նշանակություն: Կարծում եմ, ՀՀ նախագահը եւ արտաքին գործերի նախարարը, ովքեր վարում են բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, իրենց զինանոցում ունեն նմանատիպ շատ քաղաքական գործիքներ»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Վերջին անգամ նմանատիպ առաքելությամբ տարածաշրջան ժամանած փաստահավաք խմբի այցելությունից հետո, ձեր գնահատմամբ, ի՞նչ է փոխվել Արցախի կողմից վերահսկվող տարածքներում. նույն փախստականների թվի հետ կապված փոփոխություններ արձանագրվե՞լ են»։ Պատասխան. - «Տեղի են ունեցել նախ եւ առաջ որակական փոփոխություններ։ Հինգ տարի առաջ, երբ նրանք եկան, այդ շրջաններում կային փախստականներ, եւ հիմնականում փախստականներ էին, բայց այս պահի դրությամբ փախստականների կազմը, մտայնությունն է փոխվել։ Երեխաները, պատանիները, որ այն ժամանակ շատ բան չէին հասկանում, հիմա արդեն հասունացել են, ձեւավորվել որպես անհատներ։ Այսինքն` այդ մարդիկ արդեն Քարվաճառի, Քաշաթաղի լիիրավ քաղաքացիներ են` այդ հողի վրա ծնված, մեծացած, հասակ առած հասուն մարդիկ` սեփական աշխարհայացքով, աշխարհընկալման իրենց չափանիշներով։ Նրանք այլեւս իրենց փախստական չեն զգում։ Կարծում եմ, այս հանգամանքը որակապես փոխում է իրավիճակը. սա արդեն ուրիշ բնակչություն է, մեր լիիրավ քաղաքացիներն են»։

Նույն հարցի վերաբերյալ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Կապիտալ»-ին ասում է. - «Եթե ո՛չ Ղարաբաղի, ո՛չ էլ Հայաստանի իշխանություններն այս ուղղությամբ կոնկրետ քայլեր չենք անում, նշանակում է, որ մենք միջազգային հանրությանը ցույց ենք տալիս, որ այդ տարածքներում գործունեություն ծավալելու որեւէ մտադրություն չունենք։ Մինչդեռ հսկայական թվով փախստականներ, որոնք ադրբեջանական վայրագ գործողությունների հետեւանքով այսօր մնացել են անօթեւան, այդ տարածքներում ունեն ոչ միայն օրինական պահանջի իրավունք, այլեւ պետք է ունենային այդտեղ ապրելու եւ կենսագործունեություն իրականացնելու հնարավորություն։ Այլ կերպ ասած` այս տարածքների վերաբնակեցումը պետք է դառնար ադրբեջանական բռնաճնշումների հետեւանքով փախստական դարձած հայերի օրինական փոխհատուցումը։ Մյուս կողմից` եթե տարածքները բնակեցված լինեին, հայկական կողմը կարող էր ասել, որ այդ տարածքներում ապրում են մարդիկ, որոնց կարծիքը պետք է հաշվի առնել ցանկացած քննարկման ժամանակ։ Սա կուժեղացներ Հայաստանի դիրքերը եւ կհեշտացներ Ղարաբաղին` որպես բանակցային կողմ բանակցությունների գործընթաց վերաներգրավելու գործընթացը»։

«Ժամանակ»-ը գրում է. - «Հարավային Կովկասի երեք ազատական կուսակցություններ` Հայաստանից` ՀՀՇ-ն, Վրաստանից` Վրաստանի Հանրապետական եւ Ադրբեջանից` «Մուսաֆաթ» կուսակցությունները նախօրեին աննախադեպ համագործակցության հայտ են ներկայացրել` Գերմանիայի Պոտսդամ քաղաքում ստորագրելով համապատասխան հռչակագիր: Զարմանալի զուգադիպությամբ ՀՅԴ-ական գործիչներն էլ իրենց հերթին առաջիկայում պատրաստվում են այցելել Ադրբեջան: Հոկտեմբերի 11-12-ը Բաքվում կայանալու է Ընկերվարական միջազգայնականի` Սոցինտերնի ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծով հանձնախմբի ժողովը, որին մասնակցելու է նաեւ ՀՅԴ պատվիրակությունը: Վերջինիս կազմում են ՀՅԴ Բյուրոյի անդամ, հանձնախմբի համանախագահ Մարիո Նալպանտյանը եվ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը»: «Ժամանակ»-ի լրագրողը Կիրո Մանոյանին խնդրել է մեկնաբանել ազատական կուսակցությունների նախագահների ստորագրած հռչակագիրը: «Կուսակցությունների միջեւ այս հարաբերությունը կարող է նպաստել մթնոլորտին, որ խաղաղություն հաստատվի: Դա ողջունելի է», - ասել է Մանոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG