Մատչելիության հղումներ

ԱԺ հանձնաժողովը քննարկեց վերջին շրջանում բանակում տեղի ունեցած ողբերգական միջադեպերը


Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը ուրբաթ օրը փակ նիստում քննարկեց վերջին շրջանում Զինված ուժերում տեղի ունեցած ողբերգական միջադեպերն ու դրանց առթիվ հարուցված քրեական գործերի ընթացքը:

Նիստին հրավիրված էին Պաշտպանության նախարարության քննչական վարչության, անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչության պետերը, Զինդատախազի տեղակալը, Ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատարը, Հայաստանի նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:

Հարցը փակ նիստում քննարկելը հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը (ՀՅԴ) բացատրեց հետեւյալ կերպ. - «Որովհետեւ նախաքննության ընթացքում են շատ գործեր, եւ նախաքննության ընթացքին կխանգարի, եթե մենք հրապարակավ այս գործերը քննարկենք»:

Երկժամյա նիստից հետո հանձնաժողովի անդամներից Լարիսա Ալավերդյանը («Ժառանգություն») «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե ոչ թե հարցերի պատասխաններ են ստացել, այլ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն:

«Ես սպասում էի, որ պետք է ոչ թե զինվորական հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ ներկայացնեն, այլ այդ հանցագործությունների պատճառների մասին քննարկում լիներ», - հավելեց ընդդիմադիր պատգամավորը:

Հրայր Կարապետյանը նիստի ավարտին վստահեցրեց. - «Անպայման հետապնդելու ենք, որպեսզի բոլոր քրեորոն պատժելի արարքները` իրենց մեղավորներով պատասխանատվության ենթարկվեն: Եվ ես հասկացա հաղորդումներից, որ դա այդպես է լինելու»:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը զրուցել է նաեւ նիստի մասնակիցներից ոմանց հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG