Մատչելիության հղումներ

Չինացի բանտարկված այլախոհը` Խաղաղության Նոբելյան մրցանակակիր


Լյու Սյաոբո

Լյու Սյաոբո

Խաղաղության Նոբելյան մրցանակը այս տարի շնորհվեց չինացի այլախոհ իրավապաշտպան Լյու Սյաոբոյին:

Ինչպես ուրբաթ օրը Օսլոյում հայտարարել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի ղեկավար Թորբյորն Յագլանդը, մրցանակին Սյաոբոն արժանացել է «հանուն Չինաստանում մարդու հիմնարար ազատությունների երկարատեւ եւ խաղաղ պայքարի համար»:

Գրող, դասախոս Լյու Սյաոբոն այժմ անազատության մեջ է գտնվում. 2009 թվականին նա դատապարտվել է 11 տարվա ազատազրկման` պետական իշխանության տապալում հրահրելու մեղադրանքով: Բանտարկության պատճառ է հանդիսացել 2008 թվականի նրա մի հրապարակումը, որում չինացի այլախոհը կոչ էր արել պաշտոնական Պեկինին քաղաքական բարեփոխումներ իրականացնել, քաղաքացիների համար ապահովել խոսքի ազատություն եւ հրաժարվել երկրի կառավարման միակուսակցական համակարգից:

«Այն խիստ պատժով, որ նրա հանդեպ է կիրառվել, Լյուն դարձել է Չինաստանում մարդու իրավունքների համար պայքարի խորհրդանիշ», - իր ելույթում նշել է Թորբյորն Յագլանդը:

Նոբելյան մրցանակի հանձնումից առաջ Չինաստանի կառավարությունը կոչ էր արել Նոբելյան կոմիտեին չշնորհել Լյու Սյաոբոյին այդ մրցանակը:

Հարցին` արդյոք չի՞ փչացնի Չինաստանի եւ Նորվեգիայի հարաբերությունները այս մրցանակի շնորհումը, Յագլանդը պատասխանել է, որ Նոբելյան կոմիտեն անկախ կառույց է, կապ չունի Նորվեգիայի կառավարության հետ, եւ մրցանակի հանձնումը երկու երկրների միջեւ հարաբերությունների վատթարացման պատճառ չպետք է հանդիսանա:

Յագլանդը նաեւ նշել է, թե առայժմ կապ չեն կարողանում հաստատել ո'չ ազատազրկման մեջ գտնվող Լյու Սյաոբոյի, ո'չ նրա կնոջ հետ եւ փորձելու են Չինաստանի իշխանությունների միջոցով նրանց հայտնել մրցանակը շնորհելու մասին:

Չինաստանի արտգործնախարարությունը, մինչդեռ, Նոբելյան կոմիտեի որոշումը որակել է «սրբապղծություն Խաղաղության Նոբելյան մրցանակի նկատմամբ»: ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության վկայությամբ` Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է նաեւ, որ Լյու Սյաոբոն ազատազրկման մեջ է երկրի օրենքները խախտելու համար, եւ «այն, ինչ նա արել է, հակասում է Խաղաղության Նոբելյան մրցանակի նպատակներին»: Չինացի դիվանագետը ասել է, որ Նոբելյան կոմիտեի որոշումը կարող է վնասել Նորվեգիայի հետ Չինաստանի հարաբերությունները:

Amnesty International հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման կապակցությամբ կոչ է արել Չինաստանի իշխանություններին ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ազատազրկված անձանց:

Սովորաբար Նոբելյան կոմիտեն Խաղաղության մրցանակի համար շուրջ 100 հայտ է ստանում, սակայն այս տարի դրանց թիվը կրկնակի ավելի է եղել ` 237 հայտ, որոնցից 199-ը` հասարակական գործիչների, 38-ը` կազմակերպությունների համար:

Այս տարի թեկնածուների թվում նշվում էին Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլի, Իռլանդիայի առաջին կին նախագահ Մերի Ռոբինսոնի ու նաեւ U2 ռոք խմբի անդամ Բոնոյի անունները:

2009 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակը ստացավ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG