Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում հուլիս-սեպտեմբեր ամիսներին լրագրողների նկատմամբ բռնության դեպք չի արձանագրվել


Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ուրբաթ օրը ներկայացրեց Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին եռամսյակային ուսումնասիրության արդյունքները:

Կազմակերպության ղեկավար Աշոտ Մելիքյանը այս անգամ իր խոսքը որոշեց սկսել դրական ցուցանիշով եւ փաստեց` հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում լրագրողների նկատմամբ բռնության որեւէ դեպք չի արձանագրվել:

«Սա աննախադեպ երեւույթ է ոչ միայն այս տարվա համար` այլ վերջին տարիների համար», - պարզաբանեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավարը:

Համեմատության համար Աշոտ Մելիքյանը հիշեցրեց այս տարվա առաջին երկու եռամսյակների ցուցանիշները. - «Առաջին եռամսյակում ֆիզիկական բռնությունների 5 դեպք էր արձանագրվել, երկրորդ եռամսյակում` 3»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հետազոտության համաձայն` նվազել են նաեւ տեղեկություններ ստանալու իրավունքին խոչընդոտելու դեպքերը; - «Սակայն զանգվածային լրատվամիջոցների եւ նրանց ներկայացուցիչների վրա ճնշումները շարունակվում են», - հավելեց Մելիքյանը:

Լրագրողական կազմակերպության ղեկավարը կարծում է, որ լրագրողների նկատմամբ ֆիզիկական ճնշումների թվի բացակայությունը, ինֆորմացիա ստանալու իրավունքին առավել նվազ խոչընդոտելու դեպքերը պայմանավորված են քաղաքական հանգիստ իրավիճակով:

«Մեր բազմաթիվ ուսումնասիրությունները վկայում են, որ լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ տարբեր տեսակի բռնությունների եւ իրավունքների խախտումների դեպքերի թիվը աճում է քաղաքական իրավիճակի սրման պարագայում, ինչը այս եռամսյակում չի նկատվել եւ չի արձանագրել», - նշեց Աշոտ Մելիքյանը:

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական հաղորդումների ղեկավար Գեղամ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժվարացավ հիշել վերջին ամիսներին իրենց «Երկիրն Այսօր» լրատվական ծրագրի լրագրողներին ճնշելու դեպքեր, սակայն ինֆորմացիա ստանալը, նրա խոսքով, նախկինի նման դյուրին չէ:

«Օրենսդրական փոփոխությունների, բարդացումների, եւ, ընդհանրապես, մեր բյուրոկրատական համակարգի պատճառով շատ դժվար է լինում տեղեկություն ստանալը», - ասաց Մանուկյանը:

«Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանի խոսքով, ինքը տեղեկություն ստանալու մատչելիությունը լրագրողների ամենօրյա աշխատանքում չի նկատում:

«Ո՞ր հարցում է տեղի ունեցել դրական տեղաշարժ` ես դա չեմ տեսնում: Օրինակ բերեմ` բանակի դեպքերի հետ կապված: Մենք անընդհատ պրոբլեմներ ունենք Պաշտպանության նախարարությունից լուրջ, օպերատիվ եւ հավաստի ինֆորմացիա ստանալու», - դժգոհեց խմբագիրը. - «Մենք աշխատում ենք նույն էքստրեմալ պայմաններում այսօր, ինչպես 3 ամիս առաջ, 6 ամիս առաջ եւ նույնիսկ 10 տարի առաջ»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG