Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը մտահոգություններ չունի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի առնչությամբ


Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մտահոգություններ չունի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի վիճահարույց լրամշակումների կապակցությամբ, որոնց շուրջ խոսակցությունները Ազգային ժողովում հաստատվելուց հետո էլ չեն դադարում:

«Ես մտահոգություններ չունեմ այս օրենքի հետ կապված, բայց ցանկալի կլինի այնտեղ այնպիսի մեխանիզմներ նախատեսել, որ կամային որոշ մեկնաբանությունների հնարավորությունը ավելի նվազեցվի», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արմեն Հարությունյանը:

Նրա համոզմամբ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» փոփոխված օրենքով հնարավոր է ապահովել «արդար մրցութային պայմաններ` եթե, իհարկե, լինի քաղաքական կամք»: Որպեսզի գործընթացքը քաղաքական կամքի լինել-չլինելուց քիչ կախում ունենա, օմբուդսմենի համոզմամբ, օրենքն անհրաժեշտ է կատարելագործել:

Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով, հիշեցնենք, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի լրամշակման նպատակով կազմավորվում է աշխատանքային խումբ` Արմեն Հարությունյանի գլխավորությամբ:

Այդ խմբի` դեռ մշակելիք առաջարկությունները որեւէ ազդեցություն չեն ունենա հեռուստահեռարձակողների լիցենզավորման` տարեվերջին անցկացվելիք մրցույթների վրա:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու է բոլորովին վերջերս լրամշակված օրենքը կրկին լրամշակվում, Հարությունյանը արձագանքեց. - «Երբ Հանրապետության նախագահին հանդիպեմ, քո հարցը կփոխանցեմ, պատասխանն էլ քեզ կասեմ»:

Նշված օրենքում կատարված վերջին փոփոխությունների առնչությամբ մտահոգություններ էին հայտնել ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը (որը կոչ էր արել նախագահ Սարգսյանին` չստորագրել օրենքը), Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ում նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր եւս մեկ անգամ վերանայել այն:

Ասուլիսում Արմեն Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մշակում է հանրահավաքների մասին օրենքի մի նախագիծ, որն արդեն ուղարկվել է միջազգային փորձաքննության: Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի փորձագիտական կարծիքները ստանալուց հետո օրինագիծը կներկայացվի հասարակությանն ու Ազգային ժողով:

Հարցին, թե ինչպես է վերաբերում այն փաստին, որ մայրաքաղաքի իշխանությունները պարբերաբար մերժում են ընդդիմադիրների` Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրազեկումները, Մարդու իրավունքների պաշտպանն արձագանքեց, թե դրանում խախտում չի տեսնում, քանի որ հանրահավաքի անցկացման համար Երեւանի քաղաքապետարանը այլ տարածք առաջարկում է:

«Իրավական տեսակետից խախտում չեմ տեսնում, քաղաքական տեսակետից էլ նույնպես խախտում չեմ տեսնում», - հայտարարեց նա:

Արմեն Հարությունյանը փոխանցեց, որ ադրբեջանական գերության Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մահվան կապակցությամբ պաշտոնական նամակներ է հղել Միջազգային Կարմիր խաչ եւ Եվրախորհրդի Մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգին` խնդրելով պարզել իրողությունը:

«Նա քաղաքացիական անձ է եղել, եւ նրան ներկայացրել են որպես գերի եւ անունը դրել են դիվերսանտ, որովհետեւ միջազգային հումանիտար իրավունքի տեսակետից գերին չի կարող լինել քաղաքացիական անձ: Դրանից հետո 25 օր Կարմիր խաչի ներկայացուցիչները չեն կարողացել նրան այցելել, հետո մարդը ինքը իրեն կախել է: Այստեղ իրոք արդեն կասկած կա», - նշեց Հարությունյանը:

Անդրադառնալով Հայաստանի զինված ուժերում վերջին շրջանում հաճախակի դարձած մահվան դեպքերին` օմբուդսմենը «մտահոգիչ» որակեց դա` նշելով, որ իրենք «հոգեբանական ուսումնասիրություն» են կատարել, եւ առաջիկայում ներկայացնելու են Պաշտպանության նախարարությանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG