Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 9-ին Ջոն Լենոնը կդառնար 70 տարեկան


Ջոն Լենոն, 1966 թվականի լուսանկար
Ջոն Լենոն, 1966 թվականի լուսանկար

Հոկտեմբերի 9-ին ամբողջ երաժշտական աշխարհը նշում է հանճարեղ բիթլ Ջոն Լենոնի ծննդյան 70-ամյակը։

Ջոն Լենոնն իր բիթլ գործընկեր Փոլ ՄըքՔարթնիի հետ համարվում է 20-րդ դարի ամենաազդեցիկ երգահաններից մեկը։ «Քյու» երաժշտական հանդեսի 2004 թվականին անցկացրած հարցախույզի արդյունքների համաձայն` Ջոն Լենոնը ճանաչվել է ռոք-ն-ռոլի բոլոր ժամանակների ամենամեծ կուռքը։

Լենոնը ծնվել է Լիվերպուլում, որտեղ 1957 թվականին ՄըքՔարթնիի օգնությամբ հիմնադրել է իր առաջին խումբը` The Quarrymen։ Այն մեկ տարում փոփոխությունների է ենթարկվել, եւ երբ միացել են Ռինգո Սթարն ու Ջորջ Հարիսոնը, դարձել է The Beatles, որը կազմալուծվել է 1970 թվականին։

Մոլորակի այդ ամենահայտնի խումբն այսօրվա դրությամբ վաճառել է ավելի քան մեկ միլիարդ սկավառակ։ Բիթլերից է սկսվել բրիտանական ռոքի հաղթարշավը ամբողջ աշխարհում։ Միացյալ Նահանգներում բրիտանական խմբերի շշմեցուցիչ հաջողությունն ու ազդեցությունը անվանել էին «բրիտանական ներխուժում»։

Ջոն Լենոնը իր ամենաճանաչված երգը ստեղծել է ետբիթլյան շրջանում. դա «Իմեջին»-ն է` ուտոպիական աշխարհի մասին, որտեղ չկան սահմաններ, կրոն, չկա դրախտ ու դժոխք, սեփականություն, սով, ագահություն, աշխարհ, որտեղ բոլորը եղբայր են, որտեղ խաղաղություն է։

«Դու կարող ես ասել, որ ես երազող եմ, բայց ես միակը չեմ, հուսով եմ, դու մի օր կմիանաս մեզ», - այս պատգամով էր Լենոնը դիմել իր երկրպագուներին։

1980 թվականի դեկտեմբերի 8-ին նրանցից մեկը` Մարք Չեփմենը Նյու Յորքում սպանել է երազող բիթլին։ Ցմահ ազատազրկման դատապարտված Չեփմենը հանցագործությունից տասը տարի անց` 1990 թվականին բանտում տված հարցազրույցում ասել է. - «Սպանելով Ջոնին` ես սպանել եմ անմեղության դարը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG