Մատչելիության հղումներ

Նվազագույն աշխատավարձը ավելանալու է 2 հազար 500 դրամով


Կառավարության նիստը

Կառավարության նիստը

Կառավարության այսօրվա որոշմամբ, հունվարի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կազմելու է 32 հազար 500 դրամ` ներկայիս 30 հազարի փոխարեն:

Ըստ Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Արթուր Գրիգորյանի, նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու հիմքը կառավարության 2009-11 թվականների միջինաժամկետ ծախսերի ծրագիրն է:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ, կառավարության այս որոշումը նպատակ ունի նվազագույն աշխատավարձի հիմքում դնել կենսաապահովման նվազագույն զամբյուղի հաշվարկը: Այս պահին կենսաապահովման նվազագույն զամբյուղը պաշտոնապես հայտարարաված է 41.052 դրամ:

Մանասերյանը կարծում է, որ շատ մոտ ապագայում կառավարությունը կհրապարակի կենսաապահովման նվազագույն զամբյուղի հաշվարկը` այն համապատասխանեցնելով նվազագույն աշխատավարձին:

«Եթե կուզեք իմ համեստ հաշվարկները` դրանք 45-ից 50 հազարի սահմաններում են, բայց դա կարող է չհամընկնել կառավարության տեսակետի հետ: Ինձ համար իսկապես շատ հետաքրքիր է տեղեկանալ, թե որն է այսօր իսկապես ճշգրիտ հաշվարկը` հաշվի առնելով այսօրվա գնաճի մակարդակը եւ մնացած բոլոր գործոնները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մանասերյանը:

Հարցին, արդյոք թերի է կառավարության այսօրվա որոշումը, Թաթուլ Մանասերյանը արձագանքեց, թե առանց ամբողջական համեմատական հաշվարկի դժվար է միանշանակ այդպես պնդել:

Հարկ է նշել, որ որպես նվազագույն աշխատավարձի հաշվարկային հիմք Հայաստանում պահպանվում է գործող 1000 դրամը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG