Մատչելիության հղումներ

Հետաձգվում է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողների այցը Հայաստան


ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հինգշաբթի օրը փոխանցեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ), վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողների` այս ամիս ծրագրված այցը հետաձգվել է:

«Բանն այն է, որ հոկտեմբերի 19-ից 21-ը [Երեւանում] անցկացվելու է դեմոկրատիայի ապագայի վերաբերյալ ֆորում, որը կարեւորագույն իրադարձություններից մեկն է, որ իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից: Եվ քանի որ անսպասելիորեն փոխվել են ժամկետները, այն, որ [ԵԽԽՎ-ի] գլխավոր քարտուղարը պետք է ամսի 20-ին մասնակցի այդ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանդիպմանը, մենք, փաստորեն, ստիպված եղանք խնդրելու, որպեսզի հետաձգվի համազեկուցողների այցը», - «Ազատություն» ռադիոկայանին Ստրասբուրգից ասաց Հարությունյանը` շարունակելով. - «Հիմնական պատճառը այն է, որ մենք պատրաստվում ենք համազեկուցողների այցին եւ կազմակերպում ենք հնարավորինս ավելի բարձրաստիճան հանդիպումներ: Իսկ, հաշվի առնելով այս ժամանակացույցի փոփոխությունները, մեզ մոտ դժվարություն են առաջացրել կազմակերպելու պատշաճորեն համազեկուցողների այցը»:

«Մենք խնդրել ենք, որպեսզի այցը հետաձգվի: Ամենեւին որեւէ քաղաքական դրդապատճառ չկա, ընդամենը տեխնիկական խնդիր է», - հայտարարեց Հարությունյանը:

Նրա խոսքով, համազեկուցողները Հայաստան կայցելեն, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերին կամ գալիք տարվա հունվարին:

Հարցին, թե այցը հետաձգվել է հայաստանյան ողջ պատվիրակությա՞ն, թե՞ իր խնդրանքով, Դավիթ Հարությունյանը արձագանքեց. - «Իմ խնդրանքով»:

Մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադը, մինչդեռ, օգոստոսի 6-ին բավական կոշտ ձեւակերպումներով նամակ է հղել Դավիթ Հարությունյանին:

«Ինձ համար չափազանց տարօրինակ է, որ իրեն ժողովրդավարական համարող երկիրը չի կարողանում ժամանակ գտնել Եվրախորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումի շրջանակներում հանդիպումներ կազմակերպելու Մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողների հետ», -գրել է շվեդ պատգամավորը:

Նշելով, որ համազեկուցողների ծրագրված այցը արդեն երկու անգամ հետաձգվել է` Լինդբլադը շարունակում է. - «Ես զգում եմ, որ հենց իմ անձը եւ մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության արժեքների ջատագով լինելս են ստիպում Հայաստանի իշխանություններին հետաձգել համազեկուցողների այցը` համոզված լինելով, որ Վեհաժողովից իմ մոտալուտ հեռանալը հնարավորություն կստեղծի նոր` պակաս անկախ համազեկուցող նշանակել»:

«Կցանկանայի խնդրել ձեզ կրկին դիտարկել իմ ցանկությունը` որպես համազեկուցող հանդիպել իշխանության համապատասխան մարմինների հետ ֆորումից մեկ օր առաջ կամ հետո», - եզրափակել է Գորան Լինդբլադը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG