Մատչելիության հղումներ

«Իմ պաշտոնանկության իրական պատճառը 2012-ի ընտրություններն են»


Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը:

Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը:

Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Lուժկովը շարունակում է պնդել,որ իր պաշտոնանկության իրական պատճառը 2012 թվականին Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններն են:

CNN-ին տված բացառիկ հարցազրույցում պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու հանկարծ Մոսկվայի քաղաքապետը կորցրեց Դմիտրի Մեդվեդեւի վստահությունը` Լուժկովն ասում է. - «Ձեր հարցը շատ պարզ մի պատասխան ունի: Մոտենում են 2012 թվականի նախագահական ընտրությունները: Իշխանությունները ցանկանում են, որպեսզի Մոսկվան պաշտպանի այն թեկնածուին, որ կառաջարկի Կրեմլը: Նրանց այնպիսի մարդ է պետք [քաղաքապետի պաշտոնում], որ իրենց թիմակիցը լինի: Իսկ քաղաքապետ Լուժկովը սովորական պաշտոնյա չէր` անկախ էր եւ ինքնուրույն: Իշխանություններին հակառակը` պետք է քաղաքապետի պաշտոնում տեսնել մեկին, որ կկատարի Կրեմլի հրամանները: Սա է պատճառը, որ իմ կարիերան Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում մոտեցավ ավարտին»:

«Բայց չէ՞ որ դուք երկար տարիներ հենց այն մարդն էիք, որ ձեռնտու էր Կրեմլին: Ի՞նչ պատահեց, որ դուք հանկարծ վերածվեցիք սպառնալիքի ու խոչընդոտի նրանց համար»,- հարցնում CNN-ի թղթակից Մեթյու Չենսը: Լուժկովը արձագանքում է. - «Ավելի ճիշտ կլիներ, եթե դուք այս հարցն ուղղեիք նախագահ Մեդվեդեւին: Կարծում եմ, որ այսօր ընդամենը երկու գործիչ կա Ռուսաստանում, որ իրականում կարող են հավակնել նախագահի պաշտոնին` Դմիտրի Մեդվեդեւն ու Վլադիմիր Պուտինը: Մեդվեդեւը, սակայն, համոզված չէ, որ Պուտինի հետ հնարավոր մրցակցության պարագայում Մոսկվայի քաղաքապետը կաջակցի իրեն, այլ ոչ թե Պուտինին»:

Լուժկովը չի համաձայնում լրագրողի դիտարկմանը, թե պաշտոնանկությունը կարող էր պայմանավորված լինել նախագահ Մեդվեդեւի հասցեին իր հնչեցրած խիստ քննադատությամբ:

«Դա զուտ պատրվակ էր, որն օգտագործվեց իր դեմ», - ասում է նա` պնդելով, թե Կրեմլին դուր չի գալիս Մոսկվայի քաղաքապետի անկախ պահվածքը. - «Վերջին 20 տարիներին Մոսկվայի քաղաքապետը միշտ անկախ է եղել` բոլոր նախագահների օրոք»:

Ամերիկյան հեռուստաընկերությունը շեշտում է, որ պաշտոնից հեռացվելուց հետո էլ Յուրի Լուժկովը շարունակում է քննադատել նախագահ Մեդվեդեւին:

«Առայժմ, ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ Մեդվեդեւի ղեկավարության ներքո մի շարք բարդություններ են ի հայտ եկել` տարերային աղետներ, ահաբեկչական հարձակումներ, վատ բերք: Երբ նա հեռացնում է պաշտոնյաներին կամ փոխատեղումներ է իրականացնում, նոր նախագծեր է առաջակում` այս ամենը փոքր ինչ հոռետեսորեն է ընկալվում: Ցանկացած նախաձեռնություն ողջունելի է, սակայն դրանք պետք է իրական արդյունքի հանգեցնեն, ինչը տեղի չի ունենում», - ասում է Լուժկովը:

«Դատապարտող այս խոսքերը հնչում են ոչ վաղ անցյալի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի շուրթերից: Պաշտոնազրկված քաղաքապետը կարծես դառնում է նախագահ Մեդվեդեւի ամենախիստ քննադատներից մեկը». - մոսկովյան իր ռեպորտաժն այսպես է ավարտում CNN-ի թղթակից Մեթյու Չենսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG