Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է դրվել Ադրբեջանում զոհված հայ գերու մասին հայտարարություն


Հայաստանյան պատվիրակությունը հինգշաբթի օրը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում շրջանառության մեջ է դրել հայտարարության նախագիծ, որով պահանջ է հնչեցվում պատասխանատվության ենթարկել ադրբեջանական գերության մեջ զոհված Մանվել Սարիբեկյանի մահվանը մեղսակից բոլոր պաշտոնատար անձանց:

Փաստաթղթին միացել են ԵԽԽՎ-ի անդամ երկրներից 26 պատվիրակներ: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ստրասբուրգից փոխանցեց նախաձեռնության հեղինակը` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հայտարարությունը վեհաժողովի լիագումար նիստում կհրապարակվի այսօր նիստի ավարտին, կամ վաղն առավոտյան:

«Ադրբեջանի պաշտոնական տեսակետը, թե Մանվել Սարիբեկյանը ինքնասպանություն է գործել, նրա մահվան համար պատասխանատվությունից խուսափելու ցինիկ փորձ է, քանզի Ադրբեջանը եւ նրա պաշտոնյաները ուղղակի պատասխանատվություն են կրում գերու կյանքի եւ անվտանգության համար», - ասված է հայտարարության մեջ:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ, այս հայտարարությունը պատասխանն է ԵԽԽՎ-ի լիագումար նիստում երեկ երեկոյան հրապարակված մեկ այլ փաստաթղթի, որով Վեհաժողովը Հայաստանին կոչ է անում վերադարձնել ադրբեջանցի զինծառայողներ Մուբարիզ Իբրահիմովի եւ Ֆարիդ Ահմեդովի դիակները:

«Կատարյալ անհեթեթ հայտարարություն, որտեղ խոսվում է սպանված ադրբեջանցի զինվորի մասին եւ գրված է, որ այդ զինվորը սպանվել է, երբ որ հետ էր մղում հրադադարի ռեժիմը խախտած հայ զինվորներին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Զոհրաբյանը:

Մուբարիզ Իբրահիմովը մահացել էր հունիսի 18-ին, իսկ Ֆարիդ Ահմեդովը սեպտեմբերի 4-ին` Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած ընդհարումների ժամանակ: Հայկական եւ ադրբեջանական կողմերը միմյանց են մեղադրում հրադադարի ռեժիմը խախտելու համար:
XS
SM
MD
LG