Մատչելիության հղումներ

Կրթության եւ գիտության նախարարության տվյալներով` այս տարի սփյուռքահայ կրթօջախներին ընդհանուր հաշվով տրամադրվել է մոտ 44.000 անուն գրականություն, որի մեծ մասն ուղարկվել է ԱՊՀ երկրներ ու Վրաստան: Այն կրթօջախների համար, որոնք դասագրքեր ձեռքբերելու խնդիր են ունենում, այս ուսումնական տարվանից գործարկվել է էլեկտրոնային դասագրքերի տարբերակը:

www.spyurq.dasagirq.am կայքէջում տեղադրված են այբբենարան եւ ընթերցարան: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը տարվա սկզբին հայտարարեց, որ կայքէջը թույլ է տալիս նախարարությանը տնտեսական ավելի շահավետ ռեժիմով սպասարկել սփյուռքահայերին:

Չնայած այս ուղղությամբ ԿԳՆ-ի կողմից տարվող աշխատանքներին, սփյուռքահայ մի քանի կրթօջախներ չեն զգում Հայաստանի կառավարության աջակցությունը. շուրջ 30 տարվա պատմություն ունեցող Հոլիվուդի հայկական դպրոցը տարածաշրջանում միակն է, որտեղ արդեն այս տարվանից ուսուցումը միայն արեւելահայերենով է կազմակերպվում:

Ռուսասատանի Պերմ քաղաքում ամենօրյա հայկական դպրոց չկա, գործում է ընդամենը մեկ կիրակնօրյա դպրոց: 10 տարուց ավելի գոծող դպրոցն այսօր ունի մոտավորապես 100 աշակերտ: Դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհու խոսքով` իրենց կրթօջախում նույնպես լրջագույնը դասագրքերի հարցն է. Հայաստանից անհրաժեշտ գիրք եւ գրականություն չեն ստանում, իսկ սեփական միջոցներով ձեռք բերելը դժվար է, քանի որ դպրոցն անվճար է:

ԿԳՆ-ի սփյուռքի հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Զալինյանը «Մաքսլիբերթի»-ին փոխանցեց, որ նախարարությունը կիսում է Սփյուռքի կրթօջախների մտահոգությունը` կապված արեւմտահայերենով գրականության հետ: Ըստ նրա` Հայաստանն իբրեւ մեթոդական կենտրոն, միայն արեւելահայ համայնքերին կարող է սպասարկել, որովհետեւ արեւմտահայ գրականություն ու դասագիրք չունի:

Արեւմտահայերենով ուսուցում կազմակերպող կրթօջախներին ԿԳՆ-ն օգնում է հիմնականում մեթոդական ու գիտամատչելի ձեռնարկներով եւ օժանդակ պաստառներով, որոնք տրամադրվում են միայն ուսուցիչներին: Բայց նախարարությունը հաճախ նաեւ առաքման խնդիրներ է ունենում:

XS
SM
MD
LG