Մատչելիության հղումներ

Արցախի ճանաչման հարցը կարող է քվեարկության դրվել հաջորդ քառօրյայում


«ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

«ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը խորհրդարանական հաջորդ քառօրյային քվեարկության կդնի Արցախի անկախությունը ճանաչող օրինագիծը` եթե մինչեւ այդ հարցը չմտնի Ազգային ժողովի օրակարգ:

Անցած երեքշաբթի, հիշեցնենք, Ազգային ժողովը արտահերթ կարգով քննարկեց «Ժառանգության» ներկայացրած օրինագիծը, սակայն խմբակցությունը հետաձգեց քվեարկությանը:

«Մենք ստացանք Ազգային ժողովի նախագահի խնդրանքը վերջին րոպեին, որ այս հարցի քվեարկությունը մի քանի օրով հետաձգվի», - լրագրողների հետ հանդիպմանը հինգշաբթի օրը ասաց ընդդիմադիր կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը` շարունակելով. - «Եթե մինչեւ հաջորդ քառօրյա համախոհական սկզբունքով Արցախի ճանաչման հարցը չմտնի օրակարգ եւ չդառնա բոլորի համահավասար սեփականությունը, իհարկե, քվեարկությունը տեղի ունենալու է հաջորդ քառօրյայի ընթացքում»:

Անդրադառնալով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների եւ ՄԱԿ-ի փորձագետների` այսօր Լեռնային Ղարաբաղին հարակից շրջաններում մեկնարկելիք դաշտային առաքելությանը` Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանը եւ Արցախը պետք է բաց լինեն միջազգային հանրության առջեւ:

«Ես կարծում եմ, որ միակողմանի, մակերեսային եւ աննպատակասլաց կլինի այս առաքելությունը, եթե ինքը [առաքելությունը] զուգահեռաբար չայցելի նաեւ Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական բնօրրաները», - հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հարցին, թե «Ժառանգություն»-ը ինչ ֆորմատով է մասնակցելու առաջիկա համապետական ընտրություններին, կուսակցության հիմնադիրը արձագանքեց, թե այդ հարցերի քննարկումը «տակավին հասունացած չէ»:

«Հավանաբար կսկսենք այդ քննարկումները հաջորդ տարվանից», - հավելեց նա:

Նա, այդուհանդերձ, ասաց, որ իրենք ցանկանում են, որ այդ ընտրություններին ընդդիմությունը հանդես գա միասնաբար, բայց եթե այդ միասնությունը տեղի չունենա, «Ժառանգություն»-ը միայնակ կմասնակցի:

«Այլեւս «Ժառանգություն»-ը չենք դնելու զոհասեղանի վրա, որպեսզի ուրիշները կարողանան իրենց սեփական ծրագրերը հաշվարկել մեր համեստության, պարկեշտության եւ համատեղ լուծումներ գտնելու հավատամքի վրա», - հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG