Մատչելիության հղումներ

logo-print

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հինգշաբթի օրը Ստեփանակերտում հանդիպեցին Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ:

Համանախագահների եւ նրանց ուղեկցող փորձագետների հետ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հանդիպման ընթացքում քննարկվել են առաքելության իրականացմանն առնչվող հարցեր: Սահակյանը նշել է, որ Ղարաբաղում ստեղծված են բոլոր պայմանները աշխատանքները պատշաճ մակարդակով կատարելու համար:

«Անդրադարձ է կատարվել նաեւ իրավիճակին ծանոթանալու դաշտային առաքելության երկրորդ փուլի իրականացմանը` Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ռազմակալված տարածքներում: Այս համատեքստում նախագահ Սահակյանը նշել է, որ առաքելության հաջող իրականացման համար Արցախի իշխանություններն ակնկալում են կառուցողական մոտեցում նաեւ Բաքվի կողմից` Շահումյանի, Գետաշենի, Մարտակերտի եւ Մարտունու բռնազավթված հատվածներում», - ասված է Ղարաբաղի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Քննարկվել են նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առկա վերջին զարգացումները: Ղարաբաղի նախագահը նշել է, որ Ադրբեջանում չեն դադարեցվում հակահայկական քարոզչությունը եւ ապակառուցողական քայլերը, ինչը մեծապես խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը, եւ կոչ է արել համանախագահներին համապատասխան ձեւով արձագանքել այդ զարգացումներին:

Հանդիպմանը մասնակցել են Ղարաբաղի արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ղարաբաղի հարակից տարածքներում Դաշտային գնահատման առաքելության ծրագրի շրջանակներում համանախագահները լինելու են Աղդամի, Ֆիզուլու, Ղուբաթլուի, Լաչինի եւ Քելբաջարի շրջաններում:

Ուրբաթ` օրվա երկրորդ կեսին եռանախագահները հանդիպելու են նաեւ ղարաբաղյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG