Մատչելիության հղումներ

«Ավանդական մոտեցումները միայն արգելակելու են Հայաստանի զարգացումը»


2012-2013 թվականներին Հայաստանում տեղի կունենան համապետական ընտրություններ` նախ խորհրդարանական, ապա` նախագահական: Իրավապաշտպան կառույցները, միջազգային կազմակերպությունները անցած ընտրություններին բացասական գնահատական են տվել` փաստելով, որ դրանք չեն համապատասխանել միջազգային չափանիշներին:

Դրա պատճառներից մեկը, եթե ոչ` գլխավորը, այն էր, որ մամուլը, նախեւառաջ` պետության կողմից խիստ հսկողության տակ գտնվող հեռարձակող լրատվամիջոցները, չեն ապահովել ընտրական գործընթացի արդար, անկողմնակալ լուսաբանում:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունները քննադատության են արժանացել, եւ օրենքը նորից լրամշակվելու է, ինչի համար նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով աշխատանքային խումբ է ստեղծվում:

Մամուլի խնդիրներով զբաղվող մեծ թվով հասարակական կազմակերպություններ, ինչպես եւ եթերի հնարավորությունից զրկված լրատվամիջոցները առանձնապես մեծ հույսեր չեն կապում թե' այդ խմբի կազմավորման եւ թե' հեռուստածրագրերի առաջիկա մրցույթի հետ:

«Արդյո՞ք 2012-2013 թվականների ընտրությունների լուսաբանումը թույլ կտա խոսել որակական փոփոխության եւ առաջընթացի մասին», - այս հարցով «Ազատություն» ռադիոկայանը դիմել է Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանին:

«Դա շատ բաներից է կախված, առաջին հերթին` թե ինչպիսի դիրքորոշում այդ հարցում կունենան իշխանությունները` կշարունակե՞ն իրենց ավանդական պահպանողական քաղաքականությունը, որ «մեր ձեռքում եղած ռեսուրսը», իսկ հաճախականությունները նրանք, բնականաբար, համարում են իրենց ձեռքում գտնվող ռեսուրսը, «պիտի հասնի միայն մեզ հավատարիմ մարդկանց, լրագրողներին եւ հեռուստաընկերություններին», թե՞ նկատի ունենալով, որ այսօր ձեւավորվում են նաեւ խոսքը մարդանց հասցնելու այլընտրանքային հնարավորություններ` ասենք, նույն «Ա1+»-ը այսօր ինտերնետային հեռարձակում ունի, մի քիչ փոխեն, մի քիչ ժամանակին համընթաց դիրքորոշում ձեւավորեն, որ եթե, միեւնույն է, բացվում է տեղեկատվական դաշտը, միգուցե արժե նաեւ ազատականացնել մոտեցումները այդ տեղեկատվական դաշտի», - ասաց Նավասարդյանը:

«Տեխնոլոգիաների առաջընթացը պահանջում է ազատականացում նաեւ ուղեղներում: Եվ եթե դա տեղի չունենա, մենք, փաստորեն, կունենանք իրար հակասող գործընթացներ, երբ քաղաքականությունը, իշխանության իրագործումը շարունակվում է ավանդական պահպանողական եղանակներով` այն դեպքում, երբ կյանքն իրենը թելադրում է եւ առաջ է գնում, եւ, փաստորեն, այդ պահպանողական մոտեցումները անիմաստ են դառնում եւ միայն արգելակում են Հայաստանի` որպես հասարակության, որպես երկրի, որպես գիտությամբ եւ տեխնոլոգիաներով հետաքրքրված ազգի զարգացումը», - ընդգծեց Երեւանի մամուլի ակումբի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG