Մատչելիության հղումներ

logo-print

Հոկտեմբերի 6-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Համանախագահները արտգործնախարար Նալբանդյանին ներկայացրեցին Ադրբեջանում ունեցած քննարկումների արդյունքները եւ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում իրականացվելիք դաշտային գնահատման առաքելության ծրագիրը:

Նախարար Նալբանդյանը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին իր վրդովմունքը հայտնեց նախօրեին ադրբեջանական բանտում Հայաստանի քաղաքացի, 20-ամյա Մանվել Սարիբեկյանի մահվան կապակցությամբ:

Նշելով, որ Սարիբեկյանը գերության մեջ սպանվել է` Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ շուրջ 25 օր Կարմիր խաչի ներկայացուցիչներին հնարավորություն չի տրվել հանդիպելու նրան, եւ հավելեց. - «Ահաբեկչական խմբավորումներին բնորոշ Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը չի նպաստում բանակցային գործընթացին»:

Զրուցակիցները քննարկեցին առաջիկա անելիքները, բանակցությունների շարունակումը մադրիդյան առաջարկությունների հիման վրա:

Համանախագահները Երեւան են ժամանել Նախիջեւանից, որտեղ նրանք այսօր հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Վաղը Մինսկի խմբի միջնորդները կուղեւորվեն Ղարաբաղ:

Այսօր սպասվում է նաեւ համանախագահների հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

«Երկու կողմերում էլ փախստականներ կան»


Հայաստանի արտգործնախարարը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` հոկտեմբերի 8-ից դեպի Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններ մեկնարկող դաշտային առաքելությանն անդրադարձավ նաեւ այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում:

«Սա փաստահավաք առաքելություն չէ, ինչպես դա եղել է նախկինում երկու անգամ, այլ դաշտային առաքելություն, որը ուսումնասիրելու է իրավիճակը այս տարածաշրջանում», - նշեց Նալբանդյանը` հատուկ շեշտելով, որ սա եռանախագահների առաքելությունն է, թեեւ դրան մասնակցելու են նաեւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) փորձագետները:

Երեկ Ադրբեջանում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդիպել էին ունեցել նաեւ «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական կազմակերպության ղեկավար Բայրամ Սաֆարովի հետ եւ քննարկել ադրբեջանցի փախստականների խնդիրները:

«Երկու կողմերում էլ փախստականներ կան», - նշեց նախարար Նալբանդյանը` հավելելով. - «Այս հարցը կարող է քննարկվել միայն երբ որ լուծումների գնանք եւ համապատասխան անվտանգության երաշխիքներ ապահովվեն»:

«Թուրքական կողմի հետ բանակցություններ տեղի չեն ունեցել»


Արձագանքելով «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հարցին` նախարար Նալբանդյանն այսօր խոսեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երկուշաբթի օրը Անկարայում հայտարարել էր, որ «հայ-թուրքական հաշտեցման գործընթացը շարունակվում է»:

«Որեւէ հեռախոսազրույց կամ բանակցություններ թուրքական կողմի հետ վերջին ամիսների ընթացքում տեղի չեն ունեցել եւ չեն նախատեսվում, որովհետեւ առաջ ընթանալը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ որ Թուրքիան նորից պատրաստ կլինի առանց նախապայմանների գնալ հարաբերությունների կարգավորմանը», - հայտարարեց Էդվարդ Նալբանդյանը:
XS
SM
MD
LG