Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը չորեքշաբթի օրը առաջին ընթերցմամբ ընդունեց հարկային ոլորտի մի շարք օրենքներում կառավարության առաջարկած փոփոխություններն ու լրացումները, որոնք, ընդդիմադիրների պնդմամբ, կհանգեցնեն վառելիքի թանկացմանը, կվնասեն ծխախոտի եւ ոգելից խմիչքների արտադրությամբ զբաղվող հայաստանյան ընկերություններին:

«Ակցիզային հարկի մասին», «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին», ինչպես նաեւ «Բենզինի եւ դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» օրենքներում կառավարության առաջարկած փոփոխությունները խորհրդարանը 24-ժամյա ռեժիմով քննարկեց առաջին ընթերցմամբ, փոփոխություններն ամբողջությամբ քվեարկության կդրվեն վաղը:

«Մի քանի առաջարկ են ներկայացրել դաշնակցական պատգամավորներ Արա Նռանյանը եւ Կարեն Վարդանյանը: Այս բոլոր առաջարկությունները քննարկվել են եւ չեն ընդունվել», - Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Կառավարության ներկայացուցիչ` ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:

Խորհրդարանական ընդդիմության, մասնավորապես` Դաշնակցության պնդմամբ, Հայաստանի կառավարությունն այս նախաձեռնությամբ հերթական հարվածն է հասցնում տեղական արտադրողին, նպաստում գների բարձրացմանը, աշխատատեղերի կրճատմանը: Մասնավորապես, այն, որ ներմուծվող բենզինն ու դիզվառելիքը հաստատագրված հարկման դաշտից տեղափոխվում են ընդհանուր հարկման դաշտ, ընդդիմադիրների պնդմամբ, ենթադրում է գների աճ:

Փոփոխություններով հավասարեցվում են տեղական արտադրության, ինչպես նաեւ ներմուծվող ծխախոտի եւ օղու հարկային մուծումները: Այսինքն, եթե մինչեւ հիմա տեղական արտադրողը որոշակի առավելություններ ուներ ներմուծողների նկատմամբ, ապա այս փոփոխություններից հետո նրանք զրկվում են արտոնություններից:

«Փաստորեն մեր արտադրողը, որ ստեղծում է աշխատատեղ, հավելյալ եկամուտ է ապահովում աշխատավարձերի տեսքով, հավասարեցվում է ներմուծման բնագավառին», - կարծիք հայտնեց Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Կառավարությունը եւ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները պնդում են, որ ներկայացված օրինագծերի անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ կնքված հուշագրից, ինչպես նաեւ պարտադրված է միջազգային այլ կազմակերպությունների կողմից:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG