Մատչելիության հղումներ

Կառավարությունը 44 միլիարդ դրամ է տրամադրելու Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովին` լճի համակարգի պահպանության, վերականգնման, վերարտադրության, բնականոն զարգացման եւ օգտագործման խնդիրների լուծման համար:

Հանձնաժողովի հաշվարկներով` սահմանված 1903 մետր 50 սանտիմետր նիշին լիճը կհասնի 2029 թվականին: Դրա համար լճի մակարդակը տարեկան պետք է բարձրացվի միջինը 20 սանտիմետրով:

«2008 թվականին բարձրացել էր 6 սանտիմետր, անցյալ տարի բարձրացել է 38 սանտիմետր, այսօրվա դրությամբ բարձրացել է 56 սանտիմետր: Ունենք դրական դինամիկա», - չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը նշեց Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:

Հանձնաժողովի տվյալներով` այսօր լճի մակարդակը 1900 մետր 4 սանտիմետր է:

«Բարձրացման արդյունքում ջրում հայտնվեցին 520 շենք եւ շինություններ: Ապամոնտաժման, քանդման եւ տեղափոխման աշխատանքները սկսված են, այսօրվա դրությամբ քանդվել են 27 շենք-շինություններ», - տեղեկացրեց Մովսիսյանը:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում անցած ամիս հարուցվել էին քրեական գործեր` Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրում հայտնված ծառերի, թփերի մաքրման աշխատանքների ընթացքում արձանագրված չարաշահումների առնչությամբ: Այս առթիվ հանձնաժողովի նախագահի ներկայացրած պարզաբանմամբ, փորձը ցույց է տալիս, որ մարդկային ռեսուրսներով մաքրման աշխատանքները անհրաժեշտ որակ չեն ապահովում, այդ պատճառով ջրի տակ մնացած անտառածածկ տարածքների եւ թփուտների մաքրման համար կառավարության միջոցներով Ֆինլանդիայից ձեռք է բերվել հատուկ տեխնիկա, որը հոկտեմբերի վերջին կհասցվի Հայաստան:
XS
SM
MD
LG