Մատչելիության հղումներ

Վլադ Դեմչենկոյի երևանյան «խոստովանությունը»


Վլադ Դեմչենկոն` «Մահով տարված» մոնոներկայացման մեջ

Վլադ Դեմչենկոն` «Մահով տարված» մոնոներկայացման մեջ

Երեւանյան բեմում մենախաղով հանդես եկավ 25 տարուց ավելի Ռուբեն Սիմոնովի անվան ռուսական պետական թատրոնի դերասան, Ռուսաստանի վաստակավոր արտիստ 44-ամյա Վլադ Դեմչենկոն, ով չի դժգոհում զբաղվածությունից` հեռուստադիտողին ավելի հայտնի է ռուսական սերիալներից: - «Հեռուստանովելում նկարահանվելը միայն եկամտի աղբյուր է», - անկեղծացավ դերասանը:

Վադիմ Դեմչենկոն միաժամանակ մի քանի ներկայացումներում է հանդես գալիս, ֆիլմերում է նկարահանվում ու նաեւ անհատական նախագծեր իրականացնում: Խոստովանեց, որ իրենը թատրոնն է համարում:

Վլադ Դեմչենկոն` «Մահով տարված» մոնոներկայացման մեջ
«Թատրոնում ի տարբերություն կինոյի` ես ռեժիսորին ընտրելու հնարավորություն ունեմ: Ամեն ռեժիսոր իր աշխարհն ու էսթետիկան ունի, իսկ ես` որպես արտիստ, ուզում եմ աճել: Մենք` դերասաններս, նյութ ենք, որից կերտում են ինչ-որ բան: Այդ պատճառով շատ կարեւոր է տաղանդավոր մարդու ձեռքերում հայտնվել արդյունքի հասնելու համար» - բացատրում է դերասանը:

Հայֆեստի շրջանակում Դեմչենկոն Երեւան էր բերել իր ամենաթարմ նախագիծը` «Մահով տարված» մոնոներկայացումը, որի հիմքում ճապոնացի գրող Յուկիո Միշիմայի «Դիմակի խոստովանությունը» նովելն է: - «Ռեալ ժամանակում` 1 ժամ 10 րոպե, ես ապրում եմ ուրիշի կյանքը, ինքս ինձնից գողանում եմ եվ անվարձահատույց տալիս եմ այդ կյանքը հանդիսատեսին: Իրենց գործն է` կընդունեն թե ոչ», - նշեց Դեմչենկոն:

Ներկայացման պրեմիերան կայացել է սեպտեմբերին Մոսկվայում, հատուկ այս բեմադրության համար 50 տեղանոց սրահ է կառուցվել: Վլադ Դեմչենկոն ասում է, որ դերասանական մեծ փորձի ընթացքում առաջին անգամ զգացել է, որ դժվար էր հոգին բացել բեմում` համեմատելով դա քահանային արված խոստովանության հետ:

XS
SM
MD
LG