Մատչելիության հղումներ

Մոնիթորինգի հանձնաժողովը շուտով որոշում կկայացնի համազեկուցողների այցի վերաբերյալ


Երեքշաբթի երեկոյան Եվրախորհրդի խորհրդարական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի հանձնաժողովը սկսել է քննարկել Հայաստանի իշխանությունների ներկայացրած բարեփոխումների նախագիծը:

Քննարկման ընթացքում հանձնաժողովը լսել է նաեւ հայաստանյան ընդդիմության տեսակետները Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ:

Հայաստանյան պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանին Ստրասբուրգից հեռախոսով փոխանցեց, որ հանձնաժողովը «ավելի շատ ժամանակ էր տրամադրել ընդդիմությանը». իրենց զեկույցներն են ներկայացրել Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ), Արման Գրիգորյանը (Հայ ազգային կոնգրես) եւ Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»):

Վերջինիս փոխանցմամբ, հայաստանյան ընդդիմության բոլոր ներկայացուցիչները իրենց զեկույցներում ընդգծել են, որ Հայաստանի իշխանությունները չեն կատարում ստանձնած պարտավորությունները:

«Բոլոր ելույթները խոսում էին այն մասին, որ ըստ էության որեւէ գործընթաց դեպի բարեփոխում Հայաստանի Հանրապետությունում տեղի չի ունենում», - փոխանցեց ընդդիմադիր պատգամավորը:

Իր ելույթում Փոստանջյանը ներկայացրել է իր կազմած փաստաթուղթը: Ըստ այդմ` Հայաստանի իշխանություններից պահանջվում է ընդունել համաներման ակտ [2008 թվականի] մարտի 1-ից մինչեւ օրս բանտախցերում գտնվող մարդկանց նկատմամբ, քննություն անցկացնել նույն մարտի 1-ին Զինված ուժերի օգտագործման ապօրինի փաստի կապակցությամբ եւ այլն:

«Որեւէ որոշում այս պահի դրությամբ չկա», - շարունակեց Փոստանջյանը: - «Հավանաբար, հաջորդ նիստերին… որոշում կկայացվի [Հայաստանի հարցով] համազեկուցողների այցի վերաբերյալ: Բանավոր խոսելով` ես հասկացա, որ համազեկուցողները պլանավորում են գալ Հայաստան հոկտեմբերի 16-ից մինչեւ 20-ը ընկած ժամանակահատվածում»:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց. - «Հիմնական շեշտը իմ ելույթի դրված էր այն բանի վրա, որ Հայաստանի իշխանությունները, փաստորեն, կարելի է ասել, ոչինչ չեն արել [ԵԽԽՎ-ի] 1677 բանաձեւի պահանջների կատարման ուղղությամբ»:

«Իմ կարծիքով, երեք հիմնական խնդիր կա այդ բանաձեւում, դրանք են` քաղբանտարկյալների հարցը, «Մարտի 1»-ի հետաքննության հարցը եւ մամուլի ազատության, մասնավորապես` «Ա1+»-ի հարցը: Այդ խիստ կարեւոր բնագավառներում ես որեւէ առաջընթաց չեմ տեսնում», - ընդգծեց Գրիգորյանը` հավելելով. - «Փոխարենը` իշխանության ներկայացուցիչը եւ իշխանությունները Եվրոպայի խորհրդին ներկայացրեցին ընդամենը ծրագրեր եւ մտադրություններ հետագա ռեֆորմների վերաբերյալ, մասնավորապես` Ոստիկանության ռեֆորմի, իրավական սիստեմի ռեֆորմի մասին, ինչպես նաեւ Ընտրական նոր օրենսգրքի մասին»:

Հարցին, թե արձագանքը ինչպիսի՞ն էր, ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը պատասխանեց. - «Մոնիթորինգի հանձնաժողովի քարտուղարությունը հիմա պատրաստում է հատուկ փաստաթուղթ` այս ելույթների հիման վրա, դա երեւի խորհրդատվական ուժ կունենա, բայց դա անկարեւոր չի»:

«Իմ կարծիքով` Հայաստանը նորից պետք է դրվի հատուկ մոնիթորինգի ռեժիմի տակ, ինչը ես առաջարկեցի, եւ Հայաստանին պետք է տրվի հստակ ժամանակացույց այդ կարեւոր կետերի կատարման համար: Այդ ժամանակացույցի եւ այդ պահանջների չկատարման դեպքում պետք է հարց բարձրացվի Հայաստանի պատվիրակությանը ժամանակավորապես քվեարկության իրավունքից զրկելու մասին», - ասաց Արման Գրիգորյանը:

Նա հաստատեց, որ մոնիթորինգի հանձնաժողովը պետք է մինչեւ հոկտեմբերի 8-ը որեւէ որոշում կայացնի համազեկուցողների Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ. - «Այո, նրանք համազեկուցողների այցի վերաբերյալ շուտով պիտի որոշում կայացնեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG