Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 6-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը մեկնաբանում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեյի հայտարարությունը, թե իրենք այս անգամ Լեռնային Ղարաբաղ են մտնելու Հայաստանի տարածքից. - «Պետք չէ շտապել եւ դա գնահատել որպես հայկական կողմին ուղղված բարյացակամության ժեստ: Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է: Բանն այն է, որ Մինսկի խմբի համանախագահները գնում են Ղարաբաղ, որպեսզի այնտեղից մեկնեն ազատագրված տարածքներ: Իսկ եթե Ղարաբաղ մտնեին Ադրբեջանի կողմից (ասենք` Մարտակերտով), ստիպված պիտի լինեին անցնել նաեւ ադրբեջանցիների կողմից օկուպացված եւ ավերված հայկական գյուղերի միջով: Այսինքն` նրանք իրականում ընտրել են այն միակ երթուղին, որի դեպքում անցնելու են բացարձակապես ադրբեջանական ավերված բնակավայրերով: Ընդ որում, նրանց այս «շուստրիությունը» բոլորի համար էլ հասկանալի է: Այլ հարց է, որ այս պահին հայկական կողմը դրան հակադրելու բան չունի: Չնայած` փաստահավաքների վերջնական երթուղին Ստեփանակերտում է ճշտվելու: Եթե, իհարկե, առ այսօր դեռ ճշտված չէ»:

«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. - «Եթե դու չդիմես միջազգային եւ եվրոպական կառույցներին, մասնավորապես` ԵԽԽՎ-ին` բողոքելով, որ Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները` փաստելով, որ մեր երկրում կան քաղբանտարկյալներ, որ իշխանությունը չի հարգում խաղաղ հավաքների եւ խոսքի ազատության իրավունքները, ռեժիմը մեր երկրում ավելի է կարծրանալու, նոր անմեղ մարդիկ են ձերբակալվելու, նոր լրատվամիջոցներ են փակվելու, ընտրություններն ավելի բիրտ ու ցինիկ ձեւով են կեղծվելու, որովհետեւ մեր իշխանություններին զսպող միակ գործոնը այդ միջազգային կառույցներն են: Բայց եթե մեր արատների մասին խոսում ես «ապոկալիպտիկ» շեշտադրումներով` երկիրը կործանվում է, Հայաստանը ջնջվում է աշխարհի քարտեզից, այստեղ շուտով էլ մարդ չի մնա, ապա մեր հարեւանները, որոնց մոտ վերոհիշյալ ազատությունների խնդիրները լուծվում են մի քանի անգամ ավելի վատ, կասեն` «դե, եթե դուք եք ասում, ուրեմն` հաստատ այդպես է, միայն թե պարզ չէ, թե ինչու դուք, այդքան վատ երկիր լինելով, Ղարաբաղի նկատմամբ ինչ-որ հավակնություններ ունեք»: «Գտնել ասելու չափը` սա է խնդիրը», - եզրափակում է «Առավոտ»-ի խմբագիրը:

«Հրապարակ»-ը գրում է. - «ՀՀԿ-ականներն արդեն իսկ սկսել են քարոզչություն անել՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ: Եվ այդ քարոզչությունն իրականացնելիս չեն էլ թաքցնում, որ օգտագործում են գործադիրի լծակներն ու ադմինիստրատիվ ռեսուրսը, ինչն օրենքով արգելված է: Եվ դա անում են ցանկացած եղանակներով՝ մարզեր են մեկնում եւ հանդիպումներ ունենում, ուսուցչի տոն անում եւ նվերներ շնորհում մանկավարժներին, բարեգործական միջոցառումներ ու համերգներ կազմակերպում, աշխատանքի ընդունում եւ արտոնություններ տրամադրում իրենց կուսակիցներին: Բայց ամենակարեւորը՝ հանրությանը ներշնչում են, որ Հանրապետականն ուժեղ է եւ անպարտելի: Որ ոչ մի այլ ուժ չի կարող նրա հետ մրցել: Որ ընդդիմությունն ի սկզբանե պարտված է: Մյուս ուժերն էլ կան այնքանով, որքանով իրենք են հարմար գտնում: Իսկ նոր ուժի կարիք էլ չկա, քանի որ իրենք դրա անհրաժեշտությունը չեն տեսնում: Ընդ որում, ՀՀԿ կորիզը կարծես այնքան է ինքնուրույնացել, որ փորձում է նրբորեն կառավարել անգամ երկրի նախագահին՝ նրան նույնպես պարտադրելով իր կամքն ու խաղի կանոնները: Սերժ Սարգսյանը գուցե ենթագիտակցորեն զգում է, որ եթե ՀՀԿ-ն անչափ ուժեղանա, կարող է անկառավարելի դառնալ, ուստի ակնհայտորեն նրան սանձելու քայլեր է անում»:

«ժամանակ»-ը ներկայացնում է Եվրամիության Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող խորհրդից վերջերս դուրս եկած Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի տեսակետները. - «Ըստ Լեւոն Բարսեղյանի` վերջին ամիսներին ինքը տեսել է, որ համակարգող խորհուրդը չի արդարացնում իր գործունեությունը, եւ ինքն այնտեղ անելիք չունի: «Այդ պլատֆորմը տեր Աստված չէ, եւ ես չեմ ուզում գնալ այնտեղ նստել ձեւի համար», - նշեէ նա: Նաեւ նշեց, որ համակարգող խորհրդից դուրս գալը չի նշանակում, թե ինքը դեմ է եվրոպական արժեքներին եւ չի աշխատելու դրանց ինտեգրվելու ուղղությամբ: Եվ ինչպես ինքն ու իր գործընկերները ժամանակին աշխատել են այդ պլատֆորմի ստեղծման ուղղությամբ, այնպես էլ կարող են այսուհետ ստեղծել նմանատիպ պլատֆորմ, որի նպատակը կլինի Հայաստանին եվրոպական արժեքներին ինտեգրելը»:

«Կապիտալ»-ը մեջբերում է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետեւյալ խոսքը. - «Մեզ մոտ ռիսկային երկրներ են համարվում Թուրքիան, Չինաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները. այդ երկրներից տուրիստական բեռների ներկրումն ավելի շատ է ռիսկային գործոն պարունակում, դա վերաբերում է մասնավորապես ներկայացվող հաշիվ-ապրանքագրերին»: Պետեկամուտների կոմիտեի նախագահը նշել է, սակայն, որ որ ՀՀ հիմնական ապրանքաշրջանառությունը կատարվում է ոչ ռիսկային համարվող երկրների հետ: Ըստ Գագիկ Խաչատրյանի` ռիսկերի կառավարման արդյունքում հնարավոր է հասնել մաքսային հսկողության և առևտրի պարզեցման միջև հավասարակշռության, հսկողությունն առավելապես կենտրոնացնել տեղափոխվող ապրանքների և ուղևորների «ռիսկային» համարվող հատվածի վրա»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG