Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի մոնիթորինգի հանձնաժողովը սկսեց քննարկել Հայաստանի հարցը


ԵԱՀԿ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»):

ԵԱՀԿ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»):

Երեքշաբթի երեկոյան Եվրախորհրդի խորհրդարական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի հանձնաժողովը սկսել է քննարկել Հայաստանի իշխանությունների ներկայացրած բարեփոխումների նախագիծը:

Քննարկման ընթացքում հանձնաժողովը լսել է նաեւ հայաստանյան ընդդիմության տեսակետները Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ:

Հայաստանյան պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանին Ստրասբուրգից հեռախոսով փոխանցեց, որ հանձնաժողովը «ավելի շատ ժամանակ էր տրամադրել ընդդիմությանը». իրենց զեկույցներն են ներկայացրել Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ), Արման Գրիգորյանը (Հայ ազգային կոնգրես) եւ Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»):

Վերջինիս փոխանցմամբ, հայաստանյան ընդդիմության բոլոր ներկայացուցիչները իրենց զեկույցներում ընդգծել են, որ Հայաստանի իշխանությունները չեն կատարում ստանձնած պարտավորությունները:

«Բոլոր ելույթները խոսում էին այն մասին, որ ըստ էության որեւէ գործընթաց դեպի բարեփոխում Հայաստանի Հանրապետությունում տեղի չի ունենում», - փոխանցեց ընդդիմադիր պատգամավորը:

Իր ելույթում Փոստանջյանը ներկայացրել է իր կազմած փաստաթուղթը: Ըստ այդմ` Հայաստանի իշխանություններից պահանջվում է ընդունել համաներման ակտ (2008 թվականի) մարտի 1-ից մինչեւ օրս բանտախցերում գտնվող մարդկանց նկատմամբ, քննություն անցկացնել նույն մարտի 1-ին Զինված ուժերի օգտագործման ապօրինի փաստի կապակցությամբ եւ այլն:

«Որեւէ որոշում այս պահի դրությամբ չկա», - շարունակեց Փոստանջյանը: - «Հավանաբար, հաջորդ նիստերին… որոշում կկայացվի [Հայաստանի հարցով] համազեկուցողների այցի վերաբերյալ: Բանավոր խոսելով` ես հասկացա, որ համազեկուցողները պլանավորում են գալ Հայաստան հոկտեմբերի 16-ից մինչեւ 20-ը ընկած ժամանակահատվածում»:

XS
SM
MD
LG