Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը պնդում է, որ ադրբեջանական գերության մեջ Մանվել Սարիբեկյանին սպանել են


Մանվել Սարիբեկյանը խոսում է ադրբեջանական հեռուստատեսությամբ

Մանվել Սարիբեկյանը խոսում է ադրբեջանական հեռուստատեսությամբ

Հայկական կողմը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջոցով փորձում է Բաքվից պարզաբանումներ ստանալ ադրբեջանական ուժերի կողմից սեպտեմբերի 11-ին գերի վերցված 20-ամյա Մանվել Սարիբեկյանի մահվան հանգամանքների առնչությամբ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության եւ զինդատախազության համատեղ հաղորդագրության համաձայն, Սարիբեկյանը նախնական կալանքի վայրում ինքնասպանություն է գործել: Ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հայկական կողմը սակայն կասկածի տակ է առնում այս պնդումը:

«Պարզ գիտենք, էլի: Ինչ էլ տեղի ունեցած լինի, մեկ է` պետք է գրեին ինքնասպանություն է կատարել: Ես կարող եմ ասել, որ սպանել են իրեն, կամ էլ, իրենց նվաստացնող ու դաժան վերաբերմունքով հասցրել են ինքնասպանության», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը ասաց Հայաստանի կառավարությանն առընթեր Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը: Նա հավելեց, որ անկախ նրանից ինչ հանգամանքներում է երիտասարդը մահացել, Ադրբեջանի համապատասխան մարմինները պետք է պատասխանատվության ենթարկվեն եւ միջազգային հանրությունը պետք է արժանի գնահատական տա կատարվածին:

«Մենք գործ ունենք արդեն քրեական հանցագործության հետ: Մեր կողմից հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի համապատասխան ադրբեջանական պաշտոնյաները, ովքեր մեղավոր են տեղի ունեցածի մեջ, իրենց պատիժը կրեն: Դրան խիստ ուշադրություն ենք դարձնելու համապատասխան միջազգային կառույցներում», - հայտարարեց Կապրիելյանը:

Միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, որում, մասնավորապես, ասվում է. - «Որեւէ հիմք չունենալով հավատալու հայ երիտասարդի մահվան վարկածի իսկությանը՝ ՀՀ ՊՆ-ն իր մտահոգությունն է հայտնում այդ առնչությամբ, գտնելով, որ Մ. Սարիբեկյանի ողբերգական մահվան պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնում է նրան գերեվարող երկրի՝ Ադրբեջանի վրա: Հրավիրում ենք միջազգային կառույցների՝ մասնավորապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուշադրությունն այն փաստի վրա, որ Ադրբեջանը հերթական անգամ կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես՝ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» կոնվենցիայի դրույթները, անտեսում է ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ԵԱՀԿ ՄԽ գործադրած ջանքները՝ նման սադրիչ քայլի գնալով համանախագահների Դաշտային գնահատման առաքելության օրերին»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Մանվել Սարիբեկյանը հայ հետախույզ է, ով գերեվարվել է սեպտեմբերի 11-ին` Լեռնային Ղարաբաղի հյուսիս-արեւելյան հատվածից հայկական ուժերի իրականացրած դիվերսիոն գործողության ընթացքում:

Սեպտեմբերի 17-ին ադրբեջանցիները համացանցով տարածել էին տեսանյութ, որում երիտասարդն ասում է, թե իրեն հատուկ պատրաստել են Ադրբեջանում ահաբեկչական գործողություն իրականացնելու համար:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն, հերքում է այս տեղեկատվությունը, պնդելով, որ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանը անասունները փնտրելու նպատակով սեպտեմբերի 11-ի երեկոյան դուրս է եկել տանից եւ մոլորվելով Տավուշի մարզի Ադրբեջանին սահմանամերձ գոտում` հայտնվել գերության մեջ:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նաեւ տեղեկացրել էր, որ այս Սարիբեկյանը այս տարվա մայիսին ավարտել է զինվորական ծառայությունը եւ Հայաստանի զինված ուժերի ու հատուկ ծառայությունների հետ որեւէ կապ չունի:

Ավելի վաղ, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամլո ծառայությունից հաղորդել էին, որ սեպտեմբերի 11-ին դիվերսիոն հարձակման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG