Մատչելիության հղումներ

«Թուրքիայի համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շարունակական գործընթաց է»


Ահմեդ Դավութօղլու

Ահմեդ Դավութօղլու

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երկուշաբթի օրը Անկարայում հայտարարել է, որ «հայ-թուրքական հաշտեցման գործընթացը շարունակվում է»:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանի հետ հաշտեցմանն ուղղված ջանքերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Կովկասում վերջնական խաղաղություն չի հաստատվել:

Մամուլի ասուլիսին ներկա թուրք լրագրողներից մեկը Դավութօղլուին հարցրել է. - «Ապրիլին պաշտոնական Երեւանի կողմից արձանագրությունների վավերացման գործընթացի սառեցումից հետո որքանո՞վ է հավանական հայ-թուրքական հաշտեցման նոր գործընթացի մեկնարկը»:

Այս հարցադրմանն ի պատասխան` Թուրքիայի արտգործնախարարը նշել է. - «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավմանն ուղղված գործընթացը երբեք չէր էլ դադարել, որպեսզի նորը մեկնարկի»:

Դավութօղլուն հավելել է, թե հայ-թուրքական կարգավորումը Թուրքիայի համար շարունակական պրոցես է, եւ ասվածն ապացուցելու համար հիշեցրել է. - «Սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ես հանդիպեցի Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Միշլին Քալմի Ռեյի հետ: Վերջին երկու տարիների ընթացքում Քալմի Ռեյը լուրջ ջանքեր գործադրեց հարաբերությունների բարելավմանը հասնելու նպատակով բանակցելով Հայաստանի եւ Թուրքիայի հետ: Տիկին Քալմի Ռեյի ջանքերի շնորհիվ էր, որ հնարավոր եղավ ավարտուն տեսքի բերել երկկողմ արձանագրությունները»:

Դավութօղլուն նաեւ հավելել է, որ ինքը հայ- թուրքական հարաբերությունների թեման բավական ակտիվորեն քննարկում է ադրբեջանցի իր գործընկերոջ հետ:

«Նյու-Յորքում գտնվելու ընթացքում ես երկու անգամ հանդիպել եմ Էլմար Մամեդյարովի հետ: Ադրբեջանը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեցող եղբայրական պետություն է», - նշել է Դավութօղլուն. - «Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք բոլոր հնարավոր ջանքերը կգործադրենք` որպեսզի վերականգնենք այդ երկրի հետ բարիդրացիական կապերը»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նաեւ ասել է. - «Քանի որ մեզ համար հաշտեցման գործընթացը ավարտված չէ, ապա նմանատիպ ուղղակի կամ անուղղակի բանակցություններին մենք չենք ցանկանա առանձնահատուկ ուշադրություն դարձնել: Դրա հետ մեկտեղ` քաղաքական երկխոսությունը պետք է շարունակվի, եւ անհրաժեշտ է, որ այդ երկխոսությանը մասնակցող բոլոր կողմերը փոխադարձաբար հարգեն միմյանց սահմանները: Դա հնարավորություն կտա հարատեւ խաղաղության հաստատել կովկասյան ողջ տարածաշրջանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG