Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ընդդիմությունը բողոքում է մայրենի լեզվի «նսեմացման» դեմ


Բողոքի ցույցը Ուկրաինայի խորհրդարանի հանձնաժողովների շենքի մոտ, Կիեւ, 4-ը հոկտեմբերի, 2010թ.
Բողոքի ցույցը Ուկրաինայի խորհրդարանի հանձնաժողովների շենքի մոտ, Կիեւ, 4-ը հոկտեմբերի, 2010թ.

Ուկրաինայում ընդդիմությունը քննադատում է իշխանություններին եւ պահանջում ետ կանգնել «մայրենի լեզուն նսեմացնող եւ երկրում ռուսերենը ամրապնդող» օրենսդրական փոփոխություններից։

Մտահոգության առիթը իշխող կոալիցիայի կողմից առաջադրված «Ուկրաինայում լեզուների մասին» օրինագիծն է, որը, թեեւ պաշտոնապես ռուսերենին չի տալիս պետական լեզվի կարգավիճակ, այդուամենայնիվ, ամրագրում է, որ այն «կարող է ազատորեն օգտագործվել գործունեության գրեթե բոլոր ոլորտներում»։

Նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի «Նաշա Ուկրաինա»-ն ակտիվ բողոքի ցույցեր է կազմակերպում օրենսդրական այդ փոփոխությունների դեմ` «Մեկ լեզու` մեկ պետություն», «Կա լեզու` կա ապագա», «Ռուսականացմանը` ոչ» կարգախոսներով։

Ընդդիմադիրները նաեւ հատուկ նախաձեռնող խումբ են ստեղծել, որը երեքշաբթի օրը պատգամավորներին թռուցիկներ է բաժանել` օրինագծին դեմ արտահայտվելու կոչով։ «Թույլ մի՛ տվեք, որ Ուկրաինայի շահերին հակասող այդ օրինագիծը իրականություն դառնա», - հորդորում են ընդդիմադիրները: - «Այդ փոփոխություները նսեմացնում են ուկրաինացիների պատիվն ու արժանապատվությունը սեփական երկրում եւ վտանգում մեր ժողովորդի ապագան»։

«Բոլորն են ասում, որ ուկրաիներենը հնչում է ինչպես սոխակի դայլայլը, բայց այդ սոխակը հիմա վանդակի մեջ է», - հայտարարել է բողոքի ցույցի մասնակիցներից մեկը` ռեժիսոր Սերգեյ Արխիպչուկը ու ընդգծել. - «Այս փոփոխություններով Յանուկովիչի Ռեգիոնների կուսակցությունն ու ռուս ազգայնականները ուզում են, որ այդ սոխակը այդպես էլ մնա ոսկե վանդակում»։

Ցուցարարները նշում են, թե բողոքի լայնածավալ գործողություններ են անցկացնելու առաջիկայում, երեքշաբթի օրը արդեն հարյուրավոր մարդիկ փակել են խորհրդարան մտնող պատգամավորների ճանապարհը եւ ամոթանք տվել ներս մտնողերին։ Միջադեպերից խուսափելու համար ոստիկանությունը ամրապնդել է հսկողությունը խորհրդարանի տարածքում։

Այդուամենյանիվ, չնայած հասարակական ընդդիմությանը, օրինագծի հեղինակները հայտարարել են, թե մտադիր չեն հրաժարվել նախաձեռնությունից:

«Այդ փոփոխությունները մեր նախընտրական ծրագրում են ամրագրված, մենք խոստացել ենք մեր ընտրողներին, ուրեմն`կշարունակենք աշխատանքը այդ օրինագծի վրա եւ կընդունենք այն», - հայտարարել է փաստաթղթի համահեղինակ, իշխող կոալիցիան ներկայացնող պատգամավոր Ալեքսանդր Եֆրեմովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG