Մատչելիության հղումներ

Աշխարհում ձեռնարկում են հակաահաբեկչական միջոցներ


BBC-ի հաղորդագրության համաձայն, օրեցօր ավելանում է ահաբեկչական հավանական գրոհները կանխելու նպատակով արտակարգ միջոցներ ձեռնարկող երկրների թիվը։ Բրիտանական, գերմանական եւ ֆրանսիական հատուկ ծառայությունները դեռ անցյալ շաբաթ են հաղորդել են եվրոպական քաղաքներում ահաբեկչական լայնածավալ հարձակումներ կասեցնելու մասին, ինչը հաջողվել է ամերիկյան եւ պակիստանյան ծառայությունների հետ համագործակցության շնորհիվ։

«Սքայ Նյուզ» հեռուստակայանի փոխանցմամբ, ահաբեկիչները մտադիր էին պայմանավորված օրը նույն ժամին պայթյուններ իրագործել խոշոր քաղաքներում, ընդ որում` բազմամարդ թաղամասերում, որտեղ կան պատմական հուշարձաններ, թանգարաններ, խանութներ, դրամատներ եւ հյուրանոցներ։

Նմանօրինակ հարձակում 2008 թվականին տեղի է ունեցել Հնդկաստանի Մումբայ քաղաքում, որտեղ 166 մարդ է սպանվել։ Հենց այդ պատճառով էլ Փարիզում այցելուների համար փակել էին քաղաքի խորհրդանիշ Էյֆելյան աշտարակը։ Մի հաղորդագրության համաձայն, ահաբեկիչները մտադիր էին գրավել աշտարակը եւ վերեւից ցած նետել պատանդ-զբոսաշրջիկներին։

Ֆրանսիայի ոստիկաններն այսօր ձերբակալել են երեք կասկածյալի, երկուսին` Մարսելում, մեկին` Բորդոյում: Երեքն էլ կապ ունեն ավելի վաղ Նեապոլում ձերբակալված անձնագրով մի ֆրանսիացու հետ, ով, ըստ իտալացի իրավապահների, կատարել է Ալ-Ղաիդայի հրահանգներն ու պայթուցիկ նյութեր հայթայթել ահաբեկիչների համար։

Հավանական թիրախների թվում են նաեւ եվրոպական խոշոր օդանավակայանները։ Ենթադրվում է, որ այդ գրոհները ծրագրում են Ալ-Ղաիդայի հետ կապ ունեցող խմբավորումները, որոնց կազմում Պակիստանի տարածքում տեղակայված գաղտնի ռազմական ճամբարներում հատուկ պատրաստություն անցած զինյալներ են` արեւմտյան պետությունների քաղաքացիներ։ Գրոհները հաջողվել է կանխել` շնորհիվ Աֆղանստանում գերմանացու անձնագրով մի ահաբեկչի ձերբակալության։

Բրիտանական գաղտնի ծառայությունների նախկին սպա, ներկայումս հակահահաբեկչական պայքարի հարցերով փորձագետ Էնդի Հեյմանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ ձեռնարկված միջոցները, բնականաբար, տագնապի մթնոլորտ են ստեղծում, սակայն պետք չէ զարմանալ, այդ ամենը բխում է Եվրոպայում եւ մասնավորապես, Մեծ Բրիտանիայում անցած շաբաթ ստացված հաղորդագրություններից։

Ամերիկացիները հեռակառավարվող օդանավով երեկ Պակիստանում` Միր Ալի ավանի մոտ, որտեղ ըստ հետախուզության, թաքնվում էին Թալիբանի եւ Ալ-Ղաիդայի զինյալները, Գերմանիայի 8 քաղաքացիների են ոչնչացրել, նրանցից առնվազն 5-ը ծագումով թուրք են կամ արաբ։ Պակիստանի իշխանությունների փոխանցմամբ, սեպտեմբերին իրականացված 20 այդպիսի օդային գրոհների հետեւանքով շուրջ 120 մարդ է սպանվել։

Պետական դեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին գոհունակություն է հայտնել Պակիստանի հետ համագործակցության առիթով։

«Մենք փոփոխություն ենք նկատում Պակիստանի մոտեցումներում, այնտեղ վերջին ամիսներին ըմբռնել են ծայրահեղականներից բխող վտանգի աստիճանը», - ասել է Քրոուլին։


Այս օրերին ահաբեկչական վտանգի առկայության մասին են ահազանգել Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Շվեդիան եւ Ճապոնիան: Այդ երկրների ցանկն ընդլայնվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG