Մատչելիության հղումներ

Ֆասիե. «Ուզում ենք եւս մեկ անգամ ցույց տալ, որ շփման գիծը երկաթյա վարագույր չէ»


Բեռնար Ֆասիե, արխիվային լուսանկար
Բեռնար Ֆասիե, արխիվային լուսանկար
Երեքշաբթի եւ չորեքշաբթի` օրվա առաջին կեսին, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ կանցկացնեն Ադրբեջանում` իշխանությունների, փախստականների հարցերով զբաղվող կազմակերպությունների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ, հաղորդում է ադրբեջանական ANS հեռուստաընկերությունը։

Չորեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ նախատեսված հանդիպումից հետո միջնորդները կժամանեն Հայաստան, ապա` Ստեփանակերտ։

Բուն` Լեռնային Ղարաբաղին հարող 7 շրջաններում նախատեսված Փաստահավաք առաքելությունը, ըստ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի, կմեկնարկի հոկտեմբերի 7-ից: Միջնորդները հերթով կայցելեն 7 շրջաններ, եւ ակնկալվում է, որ առաքելությունը կավարտեն մեկ շաբաթվա ընթացքում, եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն, ասել է Ֆասիեն։

Այդօրինակ առաքելության անցկացումն արդեն իսկ կարեւոր է, հայտարարել է ֆրանսիացի դիվանագետը` հիշեցնելով, որ վերջին անգամ նման նախաձեռնությամբ միջնորդները հանդես են եկել 2005 թվականին։

«Այդ այցից արդեն հինգ տարի է անցել, եւ մեր նպատակն է այժմ նախ եւ առաջ պարզել` ինչ է փոխվել Ղարաբաղին հարող շրջաններում վերջին հինգ տարվա ընթացքում», - ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` հայտարարել է Բեռնար Ֆասիեն։

«Այս տարի` նախորդի համեմատ, ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները դժվար են ընթանում», - նշել է ֆրանսիացի համանախագահը` հիշեցնելով, որ 2009-ին երկու երկրների նախագահները բավական հաճախ դեմ առ դեմ հանդիպումներ են ունեցել։

«Չնայած դժվարություններին` մենք ուզում ենք եւս մեկ անգամ հատել կողմերի միջեւ առկա շփման գիծը եւ ցույց տալ, որ այն երկաթյա վարագույր չէ», - հայտարարել է Ֆասիեն։

Դիվանագետը հիշեցրել է, որ հակամարտության գոտի կատարած նախորդ այցելության ժամանակ միջնորդները` վերջին 9 տարիների մեջ առաջին անգամ, Ղարաբաղ են այցելել Ադրբեջանի տարածքից: «Հուսով եմ, մեզ պետք չի լինի սպասել եւս 9 տարի` նույն երթուղին կրկնելու համար», - ընդգծել է Ֆասիեն։

Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ դեկտեմբերին` ԵԱՀԿ-ի հերթական գագաթնաժողովի շրջանակներում հնարավոր հանդիպմանը, դիվանագետն ասել է. - «Դեռեւս երկու ամիս ժամանակ կա, եւ առայժմ դժվար է ասել` հանդիպում տեղի կունենա, թե ոչ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG