Մատչելիության հղումներ

«Թուրքիայում բոլոր լրագրողները ռիսկի տակ են»


Բոլոր թուրք լրագրողները ռիսկի տակ են: Այս մասին հայտարարում են նույնիսկ իշխանամետ համարվող թերթերի աշխատակիցները:

Նրանք նշում են, որ այդպիսի երկու թերթում աշխատող երեք լրագրողների դեմ հարուցված գործերը ցույց են տալիս, թե ինչպիսի սպառնալիք է թուրքական Քրեական օրենսգիրքը քաղաքական ոլորտը լուսաբանող բոլոր լրագրողների համար։

Իշխանամետ համարվող Star թերթի լրագրող Հելին Շահինին 57 տարվա ազատազրկում է սպառնում «Էրգենեկոն» ինչպես նաեւ «Բալյոզ» (թարգմանաբար` «ծանր մուրճ») խմբավորումների կողմից պլանավորված հեղաշրջումների մասին հրապարակումների համար:

«Մենք հրապարակում ենք նյութեր հրապարակային դատավարություններից, բայց դրանք վերածվում են մեր դեմ գործերի», - Hurriyet Daily News-ին ասել է կին լրագրողը` հավելելով, որ ինքը չի վախենում: «Այն, ինչ ես գրել եմ, իրական է, փաստաթղթերով հիմնավորված։ Ես շարունակելու եմ գրել իմ անունով», - ասել է Շահինը, որը առաջիկա երեք ամիսների ընթացքում պետք է ներկա լինի իր գործով 27 տարբեր լսումների։

Լրագրողները, հիմնականում, մեղադրվում են պետական գաղտնիքներ հրապարակելու հոդվածներով։

Նույն թերթի լրագրող Բենյամին Դեմիրխանի դեմ նույնպես գործ է հարուցված նմանատիպ հրապարակումների, ինչպես նաեւ նախկինում Taraf թերթում տպագրված հոդվածների համար։

«Օտարերկրյա լրագրողը կարդարացվի, եթե ապացուցի, որ իր հրապարակումները ճիշտ են, այնպես չէ՞, բայց մենք դատապարտվում ենք, որովհետեւ դատարանն ասում է, թե գաղտնիք ենք հրապարակել», - նշում է լրագրողը։

Անցած շաբաթ մեկ օրվա ընթացքում Դեմիրխանը 6 տարբեր լսումների է մասնակցել` գործեր, որոնցով նա մեղադրվում է։

Իշխանամետ համարվող մեկ այլ թերթի` Zaman-ի աշխատակից Մելիք Դուվաքլին մեղադրվում է նույն հոդվածներով։ Նրան երեք տարվա ազատազրկում է սպառնում պաշտոնաթող գեներալ Արիֆ Դողանի պատմության մասին հրապարակումների համար։

Milliyet թերթում մարդու իրավունքներով զբաղվող Դերյա Սեզակը երկուշաբթի օրը իր սյունակում գրել է, որ Թուրքիայում 48 լրագրողներ բանտերում են, 700 լրագրողների դեմ գործեր են հարուցված, որոնց արդյունքում նրանք կարող են կա'մ բանտարկվել, կա'մ տուգանքներ վճարել։

«Լրագրողների դեմ հարուցած գործերի քանակը ցույց է տալիս, որ պետք է վերանայվի Թուրքիայի քրեական օրենսդրությունը», - գրել է Սեզակը։

Սեպտեմբերի կեսերին ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը նամակ էր հղել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին` Թուրքիային կոչ անելով ազատ արձակել բանտարկված լրագրողներին եւ անհրաժեշտ փոփոխություններ կատարել մամուլի ոլորտին առնչվող օրենսդրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG