Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 5-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների շուրջ ձեւավորված փաստահավաք առաքելությունը, որ մեկնարկում է Լեռնային Ղարաբաղին հարակից` օկուպացված-ազատագրված տարածքներում, ըստ պաշտոնական Երեւանից եւ Ստեփանակերտից հնչող գնահատականների, որեւէ բան չի փոխում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բովանդակության մեջ: Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքներ փաստահավաք առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ հանդես է եկել ոչ թե ինչ-որ սենսացիոն փաստ հայտնաբերելու եւ միջազգային հանրությանը մատուցելու, այլ այդ տարածքների նկատմամբ իր ինքնիշխան իրավունքի փաստը եւս մեկ անգամ արձանագրելու համար: Եվ ուրեմն` Ադրբեջանը իր նպատակը իրագործված կարող է համարել փաստահավաք խմբի գործուղման իրողությամբ միայն, անկախ նրանից, թե ինչ կարձանագրի կամ ինչ չի արձանագրի այդ խումբը»:

«Հայոց Աշխարհ»-ը Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանին հարցնում է. - «Արմատական ընդդիմության լիդերները հայտարարում են, որ պատրաստ են երկխոսության, բայց նախապայմաններով»։ «Չի կարող լինել երկխոսություն նախապայմաններով։ Ավելի շուտ, այն, ինչ իրենք առաջարկում են, նախապայման էլ չէ` վերջնագիր է իշխանությանը, որի հետ իբր ուզում են երկխոսել, ասում են՝ երկխոսենք քո հրաժարականի շուրջ։ Եթե սա է երկխոսության վերաբերյալ իրենց պատկերացումը, խնդիր չկա՝ կարող են եւս 3 տարի կամ 10 տարի խոսել այդ մասին», - պատասխանում է Նիկոյանը` շարունակելով. - «Իհարկե, բոլորովին այն կարծիքին չեմ, թե երկրում խնդիրներ չկան, եւ ամեն ինչ հրաշալի է։ Շատ խնդիրներ կան, եւ այդ խնդիրները պետք է լուծվեն։ Բայց, ինչքան էլ խոսեն արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների մասին, դրանից ոչինչ չի փոխվի»։

«Իրատես de facto» թերթը «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին հարցնում է. - «Քաղաքական դաշտին ի՞նչն է պակասում նորմալ գործող բազմակուսակցական համակարգ ունենալու համար»: Բաղդասարյանը արձագանքում է. - «Առաջին հերթին` պարկեշտությունը: Նպատակին հասնելու միջոցների միջեւ խտրականություն չդնելը: Փողը հաղթում է գաղափարներին, քաղաքակիրթ մրցակցությունն է պակասում, քաղաքական պատերազմն ու քաղաքական ատելությունը փոխարինել են քաղաքական մրցակցությանը: «Օրինաց երկիր»-ը այն քաղաքական ուժերից մեկն է, որը երբեք քվե չի գնել փողով, վերջին բոլոր համապետական ընտրություններում հաղթել ենք, չնայած բոլոր ընտրություններից առաջ մեզ ասել են, որ ոչ մի ձայն չենք ստանալու… Ես որպես քաղաքական գործիչ եւ կուսակցության ղեկավար` երբեք ինտրիգներով չեմ զբաղվել, թերթերին հոդվածներ չեմ պատվիրել»:

«Առավոտ»-ը զրուցել է քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանի հետ: Նա կարծիք է հայտնել, թե այսօր Հայաստանի քաղաքական դաշտում միայն երեք քաղաքական ուժերն են` ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» եւ Հայ ազգային կոնգրես, որ «տարբեր պատճառներով ազդեցիկ ուժեր են, թեեւ ունեն տարբեր վարկանիշներ եւ տարբեր ընտրազանգվածներ»: «Ինչ վերաբերում է քաղաքական դաշտում գործող երեք մյուս միավորներին` «Ժառանգություն», «Օրինաց երկիր» եւ ՀՅԴ, ապա նրանց այսօր կարելի է արդեն շարքից հանել», - արձանագրել է Արմեն Բադալյանը: Նրա կարծիքով, այդ ուժերը` որպես կուսակցություններ, պարզապես գոյություն չունեն` շատ պարզ պատճառով. «Օրինաց երկիր»-ը` ի դեմս իր լիդերի, ժամանակին հանդես էր գալիս պայքարողի կերպարով, բայց քանի որ 2008-ի մարտի 1-ից հետո Արթուր Բաղդասարյանը, դավաճանելով իր ընտրազանգվածին, անցավ իշխանական ճամբար եւ կոտրեց իր պայքարողի կերպարը, նրա ետեւից գնացող ընտրազանգվածը սկսեց նրան չընդունել եւ համալրեց «տատանվողների» շարքերը»:

lragir.am-ի մեկնաբանը գրում է. - «Թերեւս ժամանակն է, որ Արեւիկ Պետրոսյանն ու Տիգրան Թորոսյանը ստեղծեն «ընդդեմ կոալիցիոն կամայականությունների» հասարակական մի կազմակերպություն, եւ դրանով սկսեն եվրոպական դրամաշնորհների միջոցով պաշտպանել կոալիցիոն համաձայնություններից առաջիկայում տուժելիք նորանոր պաշտոնյաների իրավունքը: Իսկ որ տուժողներ դեռ կլինեն, թերեւս անկասկած է: Թվում է, թե Հայաստանի իշխանական համակարգի կառուցածքը եւ բնույթը այնպիսին են, որ այնտեղ հայտնվողն ազատվում է հոգսերից, սկսում է վայելել կյանքի բարիքները, դառնում է հասարակությունից եւ օրենքից վեր մի արտոնյալ: Իրականում այդ ամենը թվացյալ, արտաքին տպավորությունն է: Խորքային, առարկայական իմաստով, իշխանական համակարգում հայտնվելով, անձի համար սկսում է անվերջանալի տագնապների մի շղթա: Նա սկսում է վախենալ իր ամեն մի քայլի համար, քանի որ համակարգի տրամաբանությունից ելնելով, դրա մեջ գտնվողի քայլերի երեւի թե 80 տոկոսը կապ չունեն օրենքի եւ օրինականության հետ: Նա կատարում է քայլը, քաղում դրա պտուղները, բայց այդ ամբողջ ընթացքում, եւ նույնիսկ պտուղի կորիզը մեքենայի պատուհանից դուրս նետելուց հետո վախը նրան չի լքում, որովհետեւ կորիզը գնաց, իսկ պտուղը դեռ պետք է մարսվի: Իսկ քանի որ համակարգը ոչ սովորական է, մարսողության պրոցեսն էլ տեւում է սովորականից երկար եւ 15-20 րոպեի փոխարեն շարունակվում է առնվազն 15-20 տարի: Ու եթե նույնիսկ պաշտոնյային հաջողվում է այդ ահռելի ժամանակամիջոցում գոնե մարսել կերածը, միեւնույն է, դա արդեն իսկ տառապանք է` ամեն մի կտորը մարսել 15-20 տարում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG