Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները խիստ քննադատության են ենթարկում 2011-ի բյուջեի նախագիծը


Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Քաղաքական ուժերը Հայաստանում սկսել են քննարկել անցած շաբաթ կառավարության կողմից հաստատված 2011 թվականի բյուջեի նախագիծը: Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները խստորեն քննադատում են փաստաթուղթը:

2010 թվականի բյուջեն, հիշեցնենք, կառավարությունը որակել էր որպես «համեստ», «հակաճգնաժամային», «պահպանողական», «խնայողական»։ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի համար, սակայն, ավելի հոգեհարազատ էր «տնտեսության կայունացման բյուջե» որակումը:

Երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով նախարարը տվեց արդեն 2011 թվականի բյուջեի որակումը` «վերջնական կայունացման բյուջե»:

Նախագծով 2011 թվականի պետբյուջեն առաջարկվում է հաստատել եկամուտների գծով` 850 միլիարդ, ծախսերի գծով` գրեթե 999 միլիարդ դրամ: Բյուջեի դեֆիցիտը կկազմի 148.6 մլրդ դրամ: Հաշվարկների հիմքում կառավարությունը դրել է 4,6% տնտեսական աճը։

Համեմատության համար` այս տարվա պետբյուջեի եկամտային մասը 742, ծախսային մասը` 935.5 միլիարդ է, պակասուրդը` 193 միլիարդ դրամ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը անցած շաբաթավերջին հայտարարեց, թե բյուջեի նախագիծը համակողմանիորեն քննարկվել է տարբեր ատյաններում, այն համահունչ է կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականությանը։ Քննարկման արդյունքներն ամփոփվել են Սերժ Սարգսյանի մոտ, որի առաջարկությամբ 10 միլիարդ դրամով ավելացվել է բյուջեի նախագծի ծախսային մասը։

Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խիստ քննադատության ենթարկեց կառավարության մշակած օրինագիծը:

«Սա ընդամենը վախվորած կառավարության բյուջե է, որը Հայաստանում ձեւավորված ծանր պայմաններից դուրս գալու համար քայլեր չի կատարում», - ասաց Մինասյանը` շարունակելով. - «Չկա որեւէ էական փոփոխություն նախորդ տարվա բյուջեի համեմատ` կապված թե' ծախսային քաղաքականության եւ թե' քանակական եւ որակական ցուցանիշների հետ: Շարունակում է մեր երկրի տնտեսությունը մնալ ստվերում` օլիգարխիկ պատկերով հանդերձ»:

Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի գնահատմամբ, 2011 թվականի բյուջեի նախագիծը ոչ մի դեպքում վերջնական կայունացման կամ ճնգաժամից դուրս գալու բյուջե անվանել չի կարելի, սա, ավելի շուտ, «նահանջի, հետընթացի բյուջե է»:

Պատճառն այն է, որ վարկային միջոցներ ներգրավելու հնարավորությունները, որ կառավարությունը ուներ 2009 թվականին, այս տարի չկան, եւ կառավարությունը հասկանում է, որ «ստանձնած սոցիալական պարտավորությունների շրջանակներում բյուջեն ավելի փոքր լինել պարզապես չի կարող»:

«Այս համակարգը իրեն սպառել է: Այս համակարգը վերջնականապես ապացուցեց, որ իր բոլոր ռեսուրսները արդեն օգտագործվել են: Մի ձեւ կա միայն առաջընթացի` որ համակարգը փոխվի… դա նշանակում է կոռուպցիայի վերացում, մենաշնորհի վերացում, օլիգարխիկ տնտեսության վերացում», - ասաց Խաչատրյանը:

Բյուջեի այս նախագծում, նրա խոսքով, արտացոլված չեն հաջորդ տարվա ապրիլի 1-ից գազի թանկացման հետեւանքով անխուսափելիորեն առաջացող լրացուցիչ ծախսերը: Մյուս կողմից` առանձին կետերում «գործ ունենք ցանկությունների, այլ ոչ-թե իրականության վրա հիմնված լուրջ վերլուծության հետ»: Խոսքը, ըստ Վահագն Խաչատրյանի, մասնավորապես գնաճի, գործազրկության ցուցանիշի` 7,3 տոկոս, եւ գյուղատնտեսության աճի մասին է:

«Ես չեմ տեսնում փաստաթուղթ, որտեղ կա կոնկրետ ծրագիր, որը կապահովի կոնկրետ արդյունավետության բարձրացում, աշխատանքի արտադրողականություն եւ այլն, եւ այլն: Ես տեսնում եմ փաստաթուղթ, որը փորձում է կրկնել այսօրվանը, բայց ավելի վատ կրկնություն կլինի: Որեւէ աճ չի ապահովվելու: Նույնիսկ այն համեստ աճը, որ կա համախառն ներքին արդյունքի վերաբերյալ, դա էլ է շատ կասկածելի», - եզրափակեց Վահագն Խաչատրյանը:

XS
SM
MD
LG