Մատչելիության հղումներ

Ադրբեջան. Թեկնածուների՞, թե՞ խնամի-բարեկամների ցուցակներ


Ադրբեջանի խորհրդարանի շենքը
Ադրբեջանի խորհրդարանի շենքը

Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը հրապարակել է իր թեկնածուների ցուցակը` նոյեմբերի 7-ին երկրում նշանակված խորհրդարանական ընտրություններում։

Ընտրացուցակի առաջին հորիզոնականներում են կրկին հանրապետության առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան, նախագահի հորեղբայրը` Ջալալ Ալիեւը, ինչպես նաեւ Ալիեւների ընտանիքի մերձավոր բարեկամ Վասիֆ Թալիբովը։

«Այս առումով ցուցակը նույնն է, ինչ տարիներ առաջ` Ալիեւ-հոր պաշտոնավարության ժամանակ։ Ի տարբերություն այդ ժամանակաշրջանի, սակայն, այժմ իշխող կուսկացությունը սկսել է առաջադրել ոչ միայն Ալիեւների, այլեւ բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնյաների հարազատ-բարեկամներին», - պնդում են փորձագետները։

Ընտրատարածքներից մեկում, օրինակ, լրատվամիջոցների հաղորդմամբ, պայքարի է դուրս եկել նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւի փեսան, մյուսում` պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Քարիմ Հասանովի եղբայրը, երրորդում` Պետական նավթային ընկերության գործադիր տնօրենի զարմիկը, եւ այլն: Պատգամավորության ձգտող բարեկամ-հարազատների շարքը երկար է շարունակվում եւ լուրջ քննադատության արժանանում ոչ միայն ընդդիմության, այլեւ անկախ փորձագետների ու բլոգերների կողմից։

Վերջիններս բացահայտել են մեկ այլ միտում եւս. մի շարք ընտրատարածքներում, որտեղ առաջադրվել են պաշտոնյաների խնամի-բարեկամները, իշխող «Ենի Ազերբայջան»-ը որոշել է սեփական թեկնածուին չառաջադրել` ավելորդ լարվածություն չստեղծելու համար։

Այսօրինակ` առանց իշխող կուսակցության թեկնածուի մնացած ընտրատարածքներից մեկում, ակնկալվում է, որ պայքարի դուրս կգա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Մազահիր Փանախովի եղբայրը: «Ընտանիքի անդամներից մեկը կպայքարի, մյուսը` կհաշվի նրան տրված ձայները», - ի մի է բերում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության վերլուծաբանը։

Ընդդիմադիրները պնդում են, թե այս ճանապարհով իշխանությունը փորձում է ամրապնդել դիրքերը եւ շրջապատել իրեն յուրայիններով:

«Իլհամ Ալիեւի քաղաքական էլիտան հասկանում է, որ իր վարած քաղաքականությունը չի վայելում ընտրողների աջակցությունը, այդ իսկ պատճառով, միավորում է իշխանությունների վրա աշխատող մարդկանց, փորձում է նրանց միջոցով ամուր շրջանակ ստեղծել` իշխանությունը պահելու համար», - ասում է փորձագետ, ընդդիմադիր դաշինքի թեկնածու Արաստուն Օրուջլուն։

Մինչդեռ իշխող կուսակցությունը առաջադրված ընտրացուցակում որեւէ խնդիր չի տեսնում: «Ադրբեջանը փոքր երկիր է` ընդամենը 9 միլիոն բնակչությամբ, որից 3 միլիոնն ապրում է Բաքվում. այստեղ շատերն են մեկը մյուսի բարեկամ», - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանն ասել է իշխող կուսակցության ներկայացուցիչ Բախտիյար Սադիկովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG