Մատչելիության հղումներ

Ղարաբաղում հաստատում են ԱՄՆ-ի Կոնգրեսում Ղուլյանի հանդիպումները


Ամերիկացի կոնգրեսականների հետ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահի հանդիպումների մասին այսօր հաղորդել է Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության, Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 28-ին Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին իրադարձությունների, միջնորդների ծրագրերի, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ամրապնդման ուղղությամբ խորհրդարանական հնարավորությունների օգտագործման վերաբերյալ:

Այնուհետեւ պատվիրակությունը այցելել է ԱՄՆ-ի Կոնգրես, որտեղ նրան ընդունել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Հովարդ Բերմանը: Բերմանը պատրաստակամություն է հայտնել Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերը պահել ուշադրության կենտրոնում` նպատակ ունենալով շարունակել Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը ուղղված ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությունը:

Նույն օրը երեկոյան Կոնգրեսի սրահներից մեկում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հանրապետության հռչակման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջացառում: Միջոցառմանը ելույթ են ունեցել Աշոտ Ղուլյանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը, ամերիկացի կոնգրեսականներ:

Սեպտեմբերի 29-ին ղարաբաղյան պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել կոնգրեսականներ Ջեքի Սփայերի եւ Սթիվեն Ռոթմանի հետ:

Կոնգրեսում Աշոտ Ղուլյանի հետ կազմակերպված հանդիպումների կապակցությամբ Ադրբեջանը անցած շաբաթ նոտա է հղել Միացյալ Նահանգներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG