Մատչելիության հղումներ

Նախկին նախագահը ներողություն է խնդրում ժողովրդից


Պերվեզ Մուշարաֆը Լոնդոնում իր կուսակցության հիմնադրման առիթով հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ: 1-ը հոկտեմբերի, 2010

Պերվեզ Մուշարաֆը Լոնդոնում իր կուսակցության հիմնադրման առիթով հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ: 1-ը հոկտեմբերի, 2010

Պակիստանի նախկին նախագահ Պերվեզ Մուշարաֆը, որն այժմ բնակվում է Լոնդոնում, հայտարարել է, որ նոր կուսակցություն է ստեղծում եւ հույս ունի, այդ կուսակցության միջոցով կրկին վերադառնալ իշխանության ղեկին։ Նա նաեւ ներողություն է խնդրել իր հայրենակիցներից:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում Մուշարաֆը ասում է, թե պատրաստվում է 2013 թվականի ընտրություններից առաջ հաղթանակած վերադառնալ Իսլամաբադ: Նա հավատացած է, որ նորաստեղծ կուսակցությունը, որ կոչվում է Համապակիստանյան մահմեդական լիգա, կարեւոր դերակատարություն կունենա երկրում, քանի որ «երկիրը վատ վիճակում է»։
«Ես հիմնում եմ այս նոր կուսակցույթունը, քանի որ Պակիստանի քաղաքական դաշտում չեմ տեսնում այլ կուսակցություն, որը կարող է դուրս բերել Պակիստանը խավարից», - հայտարարել է Պակիստանի նախկին նախագահը:

Մուշարաֆը քաղաքականություն է մտել 1999 թվականին, երբ իրավիճակը չափազանց լարված էր։ Այդ ժամանակ Մուշարաֆը ղեկավարում էր Պակիստանի բանակը։ Բանակն այս երկրում ամենահարգված կառույցն է։ Միաժանակ դա այն կառույցն է, որից վախենում են բոլորը. այդ թվում նաեւ վարչապետներն ու նախագահները։ Մուշարաֆին հավատարիմ սպաներից մեկը անարյուն ռազմական հեղաշրջում իրականացրեց վարչապետ նավազ Շարիֆի կառավարության դեմ: Մուշարաֆը զավթեց իշխանությունը եւ մնաց իշխանության ղեկին հաջորդ ինը տարիների ընթացքում։

Պերվեզ Մուշարաֆի քննադատներն ասում են, թե նա շրջեց երկրի ժողովրդավարական ուղին, եւ ամեն ինչ վերաձեւեց իր իշխանության ամրապնդման կարիքներին համապատասխան։ Հրապարակավ նա օգնում էր Վաշինգտոնին ահաբեկչության դեմ պայքարում, բայց մյուս կողմից թույլ էր տալիս, որ Ալ Ղաիդան եւ Թալիբանը ապաստանեն Աֆղանստանին սահմանակից շրջաններում։

Նոր կուսակցությունը հիմնելու օրը Մուշարաֆը նաեւ ներողություն խնդրեց իր հայրենակիցներից։

«Իմ որոշումները թերեւս իրավաչափ էին, թերեւս սահմանադրական էին, բայց դրանք հանգեցրին քաղաքական թոհուբոհի, բացասական հետեւանքներ ունեցան պետության վրա: Այդ որոշումների համար ես ներողություն եմ խնդրում», - հայտարարել էր Պակիստանի նախկին նախագահը։

Մուշարաֆի քաղաքական նոր նախաձեռնությունները միանշանակ չընդունվեցին Պակիստանում։ Այն փաստը, որ քաղաքական գործիչների մեծ մասը՝ նույնիսկ ոչ վաղ անցյալում Մուշարաֆի դաշնակիցները, չեն շտապում միանալ նրան, վկայում է, որ լեգենդար գեներալը մեծ դժվարություններ կունենա գործուն քաղաքական կառույց ստեղծելու հարցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG