Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն` Կրեմլի քննադատության թիրախ


Դմիտրի Մեդվեդեւի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում, Մերձմոսկովյան Գորկի, 8-ը մայիսի, 2010թ.

Դմիտրի Մեդվեդեւի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում, Մերձմոսկովյան Գորկի, 8-ը մայիսի, 2010թ.

Բելառուսում կայանալիք նախագահական ընտրություններից մոտ երկու ամիս առաջ Ալեքսանդր Լուկաշենկոն նոր ծանր հարված է ստանում Մոսկվայից:

Կիրակի երեկոյան Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն իր վիդեոբլոգում 7-րոպեանոց մի ուղերձ տեղադրեց, որն ամբողջությամբ նվիրված էր Բելառուսի նախագահին եւ նրա վարած քաղաքականությանը:

«Հանրային կարծիքում արտաքին թշնամու կերպար ձեւավորելու ցանկությունը միշտ էլ հատուկ է եղել Բելառուսի իշխանություններին: Բայց եթե նախկինում այդ թշնամու դերում հանդես էին գալիս Ամերիկան, Եվրոպան, Արեւմուտքն ընդհանրապես, ապա այսօր այդ դերը վերապահված է Ռուսաստանին: Նախագահ Լուկաշենկոն իր ելույթներում ոչ միայն դիվանագիտական կանոններն է ոտնահարում, այլեւ դուրս է գալիս տարրական պարկեշտության սահմաններից: Դա, սակայն, ինձ համար նորություն չէ», - հայտարարել է Մեդվեդեւը` հավելելով. - «Հիշում եմ, թե որքան էի զարմացել մեր առաջին երկկողմ հանդիպման ժամանակ, երբ Լուկաշենկոն, ռուս - բելառուսական գործակցությանը վերաբերող խնդիրների շուրջ կենտրոնանալու փոխարեն, մանրամասնորեն եւ բացառապես բացասական լույսի ներքո սկսեց քննարկել իմ նախորդներին` նախագահներ Բորիս Ելցինին եւ Վլադիմիր Պուտինին»:

Մեկ անգամ էլ հիշելով Լուկաշենկոյի` Աբխազիան եւ Հարավային Օսիան ճանաչելու` այդպես էլ կյանքի չկոչված խոստման մասին, Մեդվեդեւը ասել է. - «Հետագայում այս հարցը վերածվեց քաղաքական առուծախի մշտական առարկայի: Ռուսաստանը, սակայն, իր սկզբունքները վաճառքի չի հանում` նման պահվածքը ազնիվ չէ եւ հարիր չէ գործընկերներին»:

Իր ուղերձը Մեդվեդեւն ավարտել է Բելառուսի նախագահին ուղղված խորհրդով.- «Նրան բազմաթիվ խնդիրներ են հուզում` ռուս - բելառուսական հարաբերություններում կարգուկանոնի հաստատումը, ռուսաստանյան լրատվամիջոցների եւ բելառուսական ընդդիմության շփումները, նույնիսկ ռուսաստանցի բարձրաստիճան թոշակառուների եւ պաշտոնաթող չինովնիկների ճակատագիրը: Լավ կլիներ, եթե Բելառուսի նախագահը զբաղվեր ներքին խնդիրներով, օրինակ` վերջապես հետաքններ բազմաթիվ մարդկանց անհետացման մասին գործերը»:`

Վերջին ակնարկը վերաբերում է Լուկաշենկոյի նախագահության տարիներին մոտ մեկ տասնյակ ընդդիմադիր գործիչների առեւանգումների մասին լուրերին, գործեր, որոնք մինչ օրս բացահայտված չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG