Մատչելիության հղումներ

Վրաց-ադրբեջանական հարաբերությունները «շատ ավելին են, քան ռազմավարական գործընկերությունը»


Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն (ձ) եւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը համատեղ մամուլի ասուլիսում: Երեւան, 4-ը հոկտեմբերի, 2010 թ.

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն (ձ) եւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը համատեղ մամուլի ասուլիսում: Երեւան, 4-ը հոկտեմբերի, 2010 թ.

«Նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երբեք էմոցիոնալ հայտարարություններ չի անում, եւ նրա խոսքերը կապված Վրաստանի եւ Ադրբեջանի` կոնֆեդերացիա ձեւաորելու հնարավորության հետ, միանգամայն ճշգրիտ են», - երկուշաբթի օրը Երեւանում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն:

«Այդ հարաբերություններն ավելին են, քան ռազմավարական գործընկերությունը, սակայն Վրաստանը չի պատրաստվում այդ կոնֆեդերացիան ստեղծելու համար գնալ Սահմանադրության փոփոխության եւ պետականության նոր ձեւի ստեղծման», - հավելել է Վաշաձեն` շարունակելով. - «Դա ընդամենը պատկերավոր մի արտահայտություն էր` ցուցադրելու համար, թե որքան առաջացած են վրաց-ադրբեջանական հարաբերությունները»:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների ավարտին հրավիրված համատեղ ասուլիսում Գրիգոլ Վաշաձեն, մեկնաբանելով իրեն վերագրվող հայտարարությունները Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանին առնչվող վերջին զարգացումների առնչությամբ, հայտարարեց, որ Հայաստանը, իբրեւ ինքնիշխան պետություն, իրավունք ունի ինքնուրույնաբար որոշել իր անվտանգության ապահովման ձեւը:

«Բայց եւ ինքնիշխան Վրաստանն էլ իրավունք ունի Հարավային Կովկասում Ռուսաստանի զինված ներկայության մասին հանդես գալ մեկնաբանություններով: Դա մշտական սպառնալիք է մեր ինքնիշխանության, անվտանգության եւ անկախության համար», - հավելեց Վրաստանի արտգործնախարարը:

Լրագրողներից մեկի ձեւակերպած` «Ջավախքում հայալեզու կրթության ներկայիս վիճակի մասին» հարցին Վրաստանի արտգործնախարարը արձագանքեց. - «Ինձ հայտնի չէ Ջավախք անվանմամբ տարածաշրջան աշխարհագրական քարտեզի վրա»: Ինչ վերաբերում է կրթական խնդիրներին, ապա, ըստ Վաշաձեի, արդեն 103 հայկական դպրոց հատուկ պետական ծրագրի շրջանակներում վերանորոգվել եւ հագեցվել են համակարգչային տեխնիկայով:

Բացի այդ, ըստ նրա, Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության հետ համագործակցաբար վերապատրաստվում են Սամցխե-Ջավախեթիի հայազգի ուսուցիչները, Վրաստանի այդ տարածաշրջանի հայազգի ուսանողները հնարավորություն ունեն հիմնարար գիտելիքների մասով Վրաստանի բուհերում քննություն հանձնել հայերենով, ինչից հետո նրանց համար կկազմակերպվի եւ կֆինանսավորվի վրացերենի արագացված ուսուցման մեկամյա դասընթաց:

Անցած շաբաթավերջին Վերին Լարսի անցակետի փակման (ինչը Վրաստանը բացատրել էր տեխնիկական պատճառներով) առնչությամբ Գրիգոլ վաշաձեն նշեց, որ իր հայ գործընկերներից այդ մասին տեղեկանալով` այսօր իսկ զանգահարել է Թբիլիսի:

«Այս պահին կարող եմ ասել, որ անցակետը լրիվ աշխատանքային վիճակում է, եւ որեւէ գրավոր կամ բանավոր ցուցում Թբիլիսիից չկա դրա փակելու կամ սահմանափակելու մասին: Անցակետը բաց է, եւ շատ շուտով ես պատիվ կունենամ ձեզ տեղեկացնելու, որ առաջին մեքենան հատեց այն», - հայտարարեց Վաշաձեն:

Գնահատելով երկու երկրների հարաբերությունները` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց. - «Հարցեր հարեւան երկրների միջեւ, ընտանիքների միջեւ կամ ընտանիքի մեջ միշտ էլ կլինեն, եւ այդ հարցերը պետք է լուծել հանդիպումների եւ բանակցությունների կամ իրար միջեւ: Չկան այդպիսի հարցեր, որ մենք չկարողանանք լուծել բանակցությունների միջոցով»:

Իր հերթին անդրադառնալով հայ վրացական հարաբերություններին` Վաշաձեն ասաց, որ դրանք, Հայաստանի եւ Վրաստանի նախագահների շնորհիվ, երբեք ավելի լավ չեն եղել, քան հիմա են:

«Երկու բարեկամ երկրների միջեւ թեեւ միշտ էլ կլինեն ինչ-որ քննարկման ենթակա հարցեր, սակայն մենք միշը ճգնում ենք, որ այդ հարցերը չվերաճեն հիմնախնդիրների», - ասաց Վաշաձեն:

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Գրիգոլ Վաշաձեի ու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտոնական հաղորդագրության` «հանգամանալից քննարկել են երկկողմ հարաբերությունների վերաբերող հարցերի լայն շրջանակ»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG