Մատչելիության հղումներ

logo-print

Մեկնարկում է Փաստահավաք առաքելությունը Ղարաբաղին հարող շրջաններում


Մինսկի խմբաի համանախագահները Ստեփանակերտում: 2-ը հուլիսի, 2010թ.

Մինսկի խմբաի համանախագահները Ստեփանակերտում: 2-ը հուլիսի, 2010թ.

Երկուշաբթի օրը մեկնարկում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների Փաստահավաք առաքելությունը Լեռնային Ղարաբաղին հարող 7 շրջաններում։

Տասն օր շարունակ միջնորդները` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչների ուղեկցությամբ, կծանոթանան ու կգնահատեն տեղում ստեղծված մարդասիրական իրավիճակը։

Նմանօրինակ առաքելությամբ միջնորդները հանդես են գալիս առաջին անգամ` 2005 թվականից ի վեր։

Ավելի վաղ համանախագահները այցելել են տարածաշրջան եւ այդ նախաձեռնության շուրջ հանդիպումներ անցկացրել Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ։

Պաշտոնական Ստեփանակերտի հավաստմամբ` Ղարաբաղը տվել է իր համաձայնությունը, սակայն` պայմանով, որ նույնպիսի առաքելություն իրականացվի նաեւ «Գետաշենում, Շահումյանի, Մարտակերտի եւ Մարտունու այն հատվածներում, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ»: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։ «Մենք սպասում ենք, ակնկալում ենք, որ լինելու է նաեւ նմանատիպ առաքելություն այնտեղ», - նշել էր նա:

Ստեփանակերտը նաեւ հույս ունի, որ «այս առաքելության արդյունքում միջնորդներն ու միջազգային հանրությունը կհամոզվեն, որ այդ տարածքները բնակչության կողմից ընկալվում են որպես Լեռնային Ղարաբաղի անբաժանելի մաս, եւ ըստ այդմ` փոփոխություններ կմտցնեն հակամարտության կարգավորման այս կամ այն դրույթում»:

«Թող գան ու տեսնեն, որ այդ տարածքները մեր տարածքներն են, եւ այնտեղ կյանքը շարունակվում է` կառուցվում են տարբեր ենթակառուցվածքներ, շենքեր, արտադրական օբյեկտներ եւ այլն` ինչպես ամեն տեղ Արցախով մեկ: Այստեղ ես որեւէ վտանգ չեմ տեսնում», - ասել էր Ղարաբաղի նախագահի խոսնակը:

Առաքելությունից տրամագծորեն հակառակ ակնկալիքներն ունեն Ադրբեջանում: «Պաշտոնական Բաքուն մշտապես հայտարարել է, որ գրավյալ տարածքներում վերահսկողության պակաս կա, եւ որ Հայաստանը ոչնչացրել է Ադրբեջանի պատմական ու մշակութային ժառանգությունը այդ տարածքներում», - «Թրենդ» գործակալության հաղորդմամբ` հայտարարել է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Բայրամ Սաֆարովը եւ հավելել. - «Միջնորդների այս առաքելությունը կարեւոր դեր կխաղա ճշմարտության բացահայտման եւ ողջ աշխարհով մեկ տարածման գործում, եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ դրան մասնակցում են ՄԱԿ-ի նման հեղինակավոր կազմակերպության ներկայացուցիչները»։

Վերջին տարիներին Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղին հարող տարածքներում ստեղծված իրավիճակը քննարկման առարկա դարձնել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, 2008-ին Ադրբեջանի կողմից հարցի շուրջ ներկայացված եւ Հայաստանին դատապարտող բանաձեւն ընդունվեց, եւս մեկ փաստաթուղթ էլ պետք է քննարկվեր այս տարվա սեպտեմբերին` ՄԱԿ-ի նախորդ վեհաժողովում։ Վերջին պահին, սակայն, պաշտոնական Բաքուն հետաձգեց բանաձեւի քննարկումը` հաշվի առնելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախաձեռնած այս դաշտային առաքելությունը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG