Մատչելիության հղումներ

Մայր Աթոռը դատապարտում է Անիի Մայր տաճարում նամազի անցկացումը


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ

Մայր Աթոռը Սուրբ Էջմիածինը «քաղաքական սադրանք» է որակել Անիի Մայր տաճարում թուրք ազգայնականների կողմից նամազի անցկացումը:

«Վրդովմունքով տեղեկացանք, որ Թուրքիայի իշխանությունների արտոնությամբ հոկտեմբերի 1-ին «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից նամազ է կազմակերպվել Անիի հայոց Սուրբ Աստվածածին մայր տաճարում», - ասված է հոկտեմբերի 2-ին Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ:

«Դա փորձ է ժխտելու հայկական պատկանելությունը Անիի Մայր տաճարի, որ աղոթազրկվել է Հայոց ցեղասպանության հետեւանքով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում այսօրինակ գործողությունները, որոնք սերմանում են անհանդուրժողություն եւ հայատյացություն: Բացարձակապես անընդունելի է նաեւ քրիստոնեական սրբավայրի տրամադրումը նամազի համար` այն դեպքում, երբ հետեւողականորեն արգելվում է քրիստոնեական ժառանգության իրավատերերին պաշտամունք մատուցել իրենց իսկ տաճարներում: Այսպիսով, թուրքական իշխանությունները շարունակում են իրենց քայլերը` ուղղված հայկական հիշատակների ոչնչացմանը եւ հայոց պատմական սրբավայրերի ու մշակութային արժեքների յուրացմանը», - հավելել է Մայր Աթոռը` ընդգծելով, որ թուրք ազգայնականների այս քայլը «որեւէ առնչություն չունի հոգեւոր-բարեպաշտական զգացումների եւ կրոնական ազատության ու իրավունքների հետ»:

«Սույն քայլով Թուրքիան վերստին ի դերեւ է հանում Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերը` ի նպաստ հայ-թուրքական երկխոսության հաստատման եւ հարաբերությունների կարգավորման», - նաեւ ասվում է Մայր Աթոռի հաղորդագրությունում:

Խաչ եւ նամազ


Անիի հայոց Սուրբ Աստվածածին մայր տաճարը
Հարյուրավոր թուրք ազգայնականներ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի գլխավորությամբ ուրբաթ օրը նամազ անցկացրեցին միջնադարյան հայկական մայրաքաղաք Անիի Մայր տաճարում: Միաժամանակ, երեկ հայտնի դարձավ, որ Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու գմբեթին վերջապես խաչ է տեղադրվել:

«Կարելի է ասել, որ ուղղակի կապված են այդ երկու իրադարձությունները, ինչպես նաեւ կապված են նախորդ` առանց խաչի [Աղթամարում պատարագ անցկացնելու] թուրքերի կազմակերպած շոուին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շաբաթ օրը կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` հավելելով, որ այդ իրադարձությունները նաեւ պայմանավորված են Թուրքիայի ներքին քաղաքական զարգացումներով:

Փաստորեն, ստեղծվել է ուշագրավ մի վիճակ` մի կողմից Թուրքիայի տարածքում գտնվող Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում ի վերջո տեղադրվում է խաչը, մյուս կողմից` Անիի Մայր տաճարում թուրք ազգայնականերն անցկացնում են նամազ, որն արտոնված է Թուրքիայի կառավարության կողմից:

«Թուրքիայի իշխանությունները, հասկանալով, որ նացիոնալիստական ուժերը փորձելու են խաղալ, փորձեցին սեփական խաղը խաղալ, եւ ստիպված են գնացել այդ քայլին, դա ակնհայտ է», - պնդում է քաղաքագետը:

Թուրքագետ Արտակ Շաքարյանը, մինչդեռ, այս երկու իրադարձությունների միջեւ անմիջական կապ չի տեսնում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա համոզմունք հայտնեց, որ Անիում կազմակերպված նամազի արարողությունը պետք է դիտարկել բացառապես առաջիկայում Թուրքիայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում:

«Ազգայնական կուսակցությունները [սեպտեմբերին Թուրքիայում կայացած] հանրաքվեի արդյունքում շատ քիչ ձայն ստացան, երկուսը միասին` 42 տոկոս, եւ Անիում նամազ անելու նախաձեռնությունը ավելի շատ ներքաղաքական ուղղվածություն ուներ` ոգեւորելու, ազգայնականներին ցույց տալու իրենց փոքրիկ հաղթանակը «ապազգային» Էրդողանի դեմ», - կարծում է Շաքարյանը: Իսկ Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչի տեղադրումը ուշացած մի քայլ էր` մեղմացնելու համար «սեպտեմբերի 19-ին եկեղեցու օծման քարոզչական ֆիասկոյի ազդեցությունը»:

Ամփոփելով` թուրքագետն ասում է. - «Անիում նամազը զուտ ներքաղաքական պրոցես է, իսկ Աղթամարի խաչը ավելի ուղղված է դեպի Եվրոպա, դեպի հոկտեմբերին Եվրամիության առաջընթացի զեկույց»:

Այնուամենայնիվ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով, քաղաքական այս թոհուբոհի մեջ հայկական կողմն առնվազն մի հարցում շահեց. - «Այն, որ համարյա թե 100 տարուց հետո Աղթամարի եկեղեցում կանգնեցվել է խաչը, դա միայն եւ միայն ողջունելի է այն իմաստով, որ վերականգնվել է հայկական եկեղեցին»:
XS
SM
MD
LG