Մատչելիության հղումներ

Մայր Աթոռը դատապարտում է Անիի Մայր տաճարում նամազի անցկացումը


«Վրդովմունքով տեղեկացանք, որ Թուրքիայի իշխանությունների արտոնությամբ հոկտեմբերի 1-ին «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից նամազ է կազմակերպվել Անիի հայոց Սուրբ Աստվածածին մայր տաճարում», - ասված է հոկտեմբերի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրության մեջ:

Մայր Աթոռը «քաղաքական սադրանք» է որակել թուրք ազգայնականների այս քայլը եւ նշել, որ այն «որեւէ առնչություն չունի հոգեւոր-բարեպաշտական զգացումների եւ կրոնական ազատության ու իրավունքների հետ»:

Հաղորդագրությունում նաեւ ասվում է. - «Դա փորձ է ժխտելու հայկական պատկանելությունը Անիի մայր տաճարի, որ աղոթազրկվել է հայոց ցեղասպանության հետևանքով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում այսօրինակ գործողությունները, որոնք սերմանում են անհանդուրժողություն եւ հայատյացություն: Բացարձակապես անընդունելի է նաեւ քրիստոնեական սրբավայրի տրամադրումը նամազի համար` այն դեպքում, երբ հետեւողականորեն արգելվում է քրիստոնեական ժառանգության իրավատերերին պաշտամունք մատուցել իրենց իսկ տաճարներում: Այսպիսով, թուրքական իշխանությունները շարունակում են իրենց քայլերը` ուղղված հայկական հիշատակների ոչնչացմանը եւ հայոց պատմական սրբավայրերի ու մշակութային արժեքների յուրացմանը»:

Մայր Աթոռը նաեւ հայտարարում է. - «Սույն քայլով Թուրքիան վերստին ի դերեւ է հանում Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերը` ի նպաստ հայ-թուրքական երկխոսության հաստատման եւ հարաբերությունների կարգավորման»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG