Մատչելիության հղումներ

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Միացյալ Նահանգների Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի հետ կազմակերպված հանդիպումների կապակցությամբ։

Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը, այդ նպատակով արտգործնախարարություն է հրավիրվել Ադրբեջանում Միացյալ Նահանգների գործերի հավատարմատար Ադամ Սթերլինգը։

Բողոքի նոտայում պաշտոնական Բաքուն դատապարտում է կոնգրեսականների հանդիպումը Ղարաբաղի իշխանությունների հետ եւ ընդգծում, որ «այդօրինակ այցերը ստվեր են գցում Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունների վրա, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները հանդիսանում է խաղաղ բանակցությունները վարող միջնորդական խմբի անդամ»։

«Թրենդ» գործակալության վկայությամբ` ադրբեջանական կողմին հատկապես վրդովեցրել է Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի հետ Ղարաբաղի խորհրդարանի նախագահի հանդիպման մասին հայաստանյան լրատվամիջոցների հաղորդագրությունը:

Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդմամբ, արձագանքելով բողոքի նոտային, պաշտոնական Վաշինգտոնը տեղեկացրել է, թե Աշոտ Ղուլյանի այցը Միացյալ Նահանգներ մասնավոր բնույթ է կրել, նա ժամանել է որպես Հայաստանի քաղաքացի եւ որեւէ պաշտոնական հանդիպում չի ունեցել։ APA գործակալության հաղորդմամբ, պատասխան նամակում Միացյալ Նահանգները նաեւ վերահաստատել է իր դիրքորոշումը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ։

Ամերիկյան աղբյուրները բողոքի նոտայի եւ Վաշինգտոնի արձագանքի մասին որեւէ տեղեկատվություն չեն հաղորդում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG