Մատչելիության հղումներ

Ռուսաստանից ներկրվել է 950 տոննա ցորենի սերմնացու


Ուրբաթ օրը Մասիս կայարանում բեռնաթափվեց Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի մարզից ներկրված 950 տոննա ցորենի «Էլիտա» տեսակի սերմնացու:

Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի խոսքով, վերջին 7-10 տարիների ընթացքում ցորենի որակյալ սերմ Հայաստանի Հանրապետություն չի ներկրվել: Վերջին 5-6 տարիներին, ըստ նախարարի, երկրում ցորենի ցանքատարածությունները 120 հազար հեկտարից նվազել են մինչեւ 80 հազար հեկտար:

Այս ամենը հաշվի առնելով` Գյուղատնտեսության նախարարությունը կառավարությանն էր ներկայացրել սերմնաբուծության զարգացման ծրագիր` 2010-ից 2014 թվականների համար:

Նախարարի պարզաբանմամբ, ծրագրով նախատեսված է Հայաստան ներկրել առաջին տարում` 650 տոննա, երկրորդ տարում` 800, երրորդ տարում` 600 տոննա, եւ չորրորդ տարում մենք արդեն մեր տեղական սերմնաբուծության շնորհիվ մեր տնտեսվարողներին կտրամադրենք Հայաստանի Հանրապետությունում արտադրված սերմը»:

«Այդ արտադրությունը 2014 թվականին մենք կանխատեսել են հասցնել մինչեւ 3000-3300 տոննայի, որը յուրաքանչյուր տարի մենք կարող ենք Հայաստանի Հանրապետությունում արտադրել «Էլիտա» սերմ եւ տրամադրել մեր գյուղացիական տնտեսություններին», - հավելեց Ալավերդյանը:

Ծրագրի շրջանակներում կառավարությունը որոշել է 2014 թվականին ցորենի ցանքատարածությունները նորից հասցնել մինչեւ 120 հազար հեկտարի եւ տարեկան ստանալ 350-360 հազարա տոննա` այս տարվա 150-160 հազար տոննայի փոխարեն:

Գյուղնախարարի խոսքով, ներկրված սերմնացուն Հայաստանում արդեն փորձարկվել է: Այն բաժանվելու է հանրապետության տարբեր մարզերում, 90-95 շահառուների միջեւ: Դրանցից մի քանիսը սերմնաբուծությամբ զբաղվող գիտահետազոտական կենտրոններ են:

«Մենք որոշել ենք այս տարի ավելի խոշոր հողատերերին տալ, որոնց հողերը արդեն իսկ ստուգված են, չափորոշիչներին համապատասխանեցված: Մարդիկ ունեն համապատասխան փորձ ու կարողություններ եւ կարող են մեզ հաջորդ տարի տալ շատ որակյալ առաջին վերարտադրության սերմնացու», - ասաց Գերասիմ Ալավերդյանը:

Եվս 60 տոննա 30 տեսակի սերմ է ներկրվել փորձարկման համար: Դա արդեն անվճար է տրամադրվել:

Իսկ 950 տոննան, ըստ նախարարի, գնվել է շատ բարձր գնով,`մոտ 400 դրամ 1 կիլոգրամի դիմաց: Շահառուներին, սակայն, սերմնացուն բաժանվելու է անվճար:

«Պայմանը հստակ դրված է` որ հաջորդ տարի մեկը երկուսի հարաբերությամբ հետ է վերադարձվելու կառավարությանը` ախտահանված եւ պարկավորված վիճակում», - ասաց նախարարը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես է բացատրում, որ Ռուսաստանից Հայաստան է ներկրվում ցորենի սերմնացու, երբ Ռուսաստանը մինչեւ տարեվերջ արգելել է ցորենի արտահանումը, ներկրված սերմնացուի բեռնաթափմանը ներկա վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց. - ««Ռուսաստանը թույլ է տվել արտահանել բոլոր այն պայմանագրերը, որոնք կնքվել են մինչեւ այդ որոշումը: Դուք գիտեք, որ մենք բանակցությունները շատ վաղուց էինք սկսել եւ մեր պայմանագրերը կնքված էին մինչեւ արգելանքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG